Արատեսի վանական համալիրը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզի Արատես գյուղում: Կիսավեր հուշարձանախումբը բաղկացած է մի քանի մատուռից, Ս. Սիոն (X դ.), Ս. Աստվածածին (XI դ.) եկեղեցիներից և երկու գավիթներից (XIII դ.): Ենթադրվում է, որ հուշարձանի նախնական շինությունը հիմնադրվել է VII դ., թեև ամենահին գրավոր տեղեկությունը վերաբերում է IX դ.:
Սուրբ Սիոնը միանավ թաղածածկ եկեղեցի է, ունի երեք ավանդատուն` խորանի 2 կողքերին և հյուսիսային պատին կից: Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Սուրբ Սիոն եկեղեցու հարավային կողմում: Այն մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է:
Առաջին գավիթը կառուցված է Ս. Աստվածածին եկեղեցու արևմտյան ճակատին կից:
Երկրորդ գավիթը գտնվում է Ս. Սիոն և Ս. Աստվածածին եկեղեցիների միջև: Այն քառակուսի հատակագծով, արևելյան զույգ ավանդատներով կառույց է:
Վանական համալիրի տարածքում հինգ մատուռ կա, որոնք կառուցված են եկեղեցիների արանքներում:
Վանքը շրջապատված է եղել պարսպով, որը քանդվել է XVII դ.: Ներկայումս պահպանվել է հյուսիսային պատի մի մասը: Վանքի տարածքում կան X – XVII դդ. խաչքարեր և տապանաքար:
Հուշարձանի վերաբերյալ հիմնական գրականությունը.
Լալայան Ե., Վայոց Ձորի նշանավոր վանքեր, «ԱՀ», գիրք 26:
Ալիշան Ղ., Սիսական, 1983, Վենետիկ:
Գրիգորյան Գ., Սյունիքի վանական կալվածքները IX-XIIIդդ., Եր., 1973: