Բջնիի ամրոցն է՝ Հայաստանի միջնադարյան ամրոցաշինության նշանավոր կառույցներից մեկը։
Գտնվում է Հրազդան գետի աջ ափին, համանուն գյուղի արևելյան կողմում, անառիկ ժայռերով շրջապատված բարձրադիր հրվանդանի վրա:
Շնորհիվ բերդի աշխարհագրական դիրքի ճանապարհը երկար չի թվա:
Այցելելով հուշարձան կտեսնեք Բջնիի ամրոցը՝ Մեծ (Վերին) բերդը, որն ընդգրկում է. Ս. Խաչ եկեղեցին, Ջրամբարը, Պալատը, գաղտնուղին, արտադրական և բնակելի բազմաշերտ համալիրներ, ինչպես նաև` X-XI դդ. սրբատաշ քարերով կառուցված մոնումենտալ աշխարհիկ շենքը:
Բջնիի վերաբերյալ մատենագրական առաջին հիշատակությունը թողել է V դ. պատմիչ Ղազար Փարպեցին՝ անվանելով այն «երևելի գյուղ»:
Արդեն VII դարում Բջնին պատմագրության մեջ հիշատակվում է որպես ամրոց:
XI-XIV դդ. Բջնին դարձել է եպիսկոպոսանիստ ավան:
Միջին դարերում Բջնին հայ գրչության կարևորագույն կենտրոններից էր: Մեզ են հասել XIІ-XVІI դդ. այստեղ ընդօրինակված հայերեն մի քանի ձեռագրեր:
Ամրոցի տարածքում առաջին հնագիտական պեղումները կատարվել են 1928 թվականին: Գտնվել է ուրարտական սեպագիր արձանագրության բեկոր:
Այնուհետև պեղումներ են իրականացվել 1977-1978 թթ., 2002-2007 թթ․ ։
2012-2014 թթ. իրականացված պեղումների ընթացքում ուսումնասիրության է ենթարկվել Բջնիի միջնաբերդի Ստորին բերդի հարավային հատվածը՝ գաղտնուղու մուտքից հարավ-արևելք: Պեղումների ընթացքում հայտնաբերվել է ստորգետնյա անցման մի մասը, բայց ճանապարհի առկայությունը մասնագետների շրջանում կասկած է հարուցում:
Գաղտնուղու երթուղին պարզելու համար նպատակահարմար է գետնուղու արդեն հայտնի և բացված մասից՝ ամրոցի աշտարակի միջից աստիճանաբար բացելով իջնել դեպի Հրազդանի ափը: Հենց այդ ժամանակ էլ պարզ կդառնա՝ արդյոք գաղտնուղին անցնում էր տապանատան հատակի տակով:
Պեղման մասին առավել մանրամասն նկարագրված է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հրատարակած «Բջնի ամրոց» գրքույկում, որը վաճառվում է ծառայության մասնաճյուղ արգելոցներում և արգելոց-թանգարաններում։