Արցախի միջնադարյան պատմության քարեղեն վկան․ Խաթրավանք

Արցախի միջնադարյան պատմության քարեղեն վկան․ Խաթրավանք

2023-10-04T11:52:32+00:00 04/10/2023|Լրահոս, Հրապարակումներ|

Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղից արևմուտք, Թարթառի ափին, թրաձև լեռնաբազուկի վերջավորության վրա է սփռված Խաթրավանքի  համալիրը։

Խաթրավանքը եղել է ճարտարապետական  նշանավոր համալիր իր մեջ պահելով  խաչքարերի  արժեքավոր հավաքածու։

Վանքի անունը արձանագրություններում և հին աղբյուրներում հիշատակվում է երկու  ձևով (Խադարի կամ Խադայի վանք), բայց գրվել է նաև Խաթրա վանք և Խթրա վանք, որը ժողովրդական արտասանության հետևանք է: Այս անունը, հավանաբար, ծագել է Թադեոս առաքյալի Խադ կամ Խաթ աշակերտի անունից, որին նվիրված է վանքը: Կան վկայություններ այն մասին, որ Խաթրավանքը եղել է առաջնորդարան:

Վանքի պատերի մեջ երևացող տասնյակ խաչքարերով ու վիմագրություններով կարելի է բացել  գավառի պատմության ու մշակույթի շատ ծալքեր, որոնց մասին ուրիշ աղբյուրներ գոյություն չունեն։

Խաթրավանքը հիմնադրվել է  վաղ միջնադարում, ստույգ թվական հայտնի չէ։ Համալիրն  ունեցել է կաթողիկե տաճար, երկրորդական եկեղեցիներ, օժանդակ շինություններ: 12-րդ դարի առաջին կեսին այն ավերվել է երկրաշարժից, որից հետո հոգևոր կենտրոնը 1143 թվականին ասպատակության է ենթարկվել սելջուկ-թուրքերի կողմից: Վանքի վերստին շենացումը սկսվել է 12-րդ դարի վերջին և 13-րդ դարի սկզբին։ Խաթրավանքը կապված է Հովհաննես վարդապետ Խաչենցու անվան հետ, ով և վերականգնել է համալիրը 1204 թվականին՝ ավարտելով նրա գլխավոր տաճարի կառուցումը։ Այդ մասին պատմում է տաճարի արևմտյան պատին գլխավոր դռան ձախակողմին գրված շինարարական արձանագրությունը:

Եկեղեցին՝ չորս սյուների վրա հաստատված կենտրոնագմբեթ մեծ դահլիճ է, արևելքում ունի ավանդատներ, Հովհաննեսը արձանագրության մեջ նշում է, որ վանքում հավաքել է գրքեր և խաչքարեր:

Վանքը մեծ նորոգումների ու կառուցում – լրացումների է ենթարկվել Հասան Բ-ի որդի Գրիգոր Բ-ի ու նրա կին Ասփայի կողմից 13-րդ դարի վերջին և 14-ի սկզբին:

Հովհաննեսաշեն տաճարը ներսից խաչաձև, արտաքինից ուղղանկյուն, չորս անկյուններում ավանդատներով հորինվածք ունի: Հատակագիծը անհամաչափ է: Ներսի սյուները սրբատաշ գորշ քարից են, զարդարված քանդակներով: Չորս սյուներից երկուսը ամբողջական են, իսկ մյուս երկուսը կազմված են երկու կտոր քարից: Սյուների մույթերին՝  հայացքով դեպի արևմտյան մուտքը կենդանիների գլուխներ են քանդակված, մեկական քանդակ, յուրաքանչյուր սյան վրա: Առաջին երկուսը եզների գլուխներ են, հետևինները՝ խոյի ու առյուծի: Այժմ քայքայված են ելուստները և դժվար է դրանք իրարից տարբերել:

Բեմը ավագ խորանով տեղավորված է արևելյան պատի կիսաշրջանի մեջ: Կան նաև երկու մեծ և երկու փոքր խորաններ: Ներսից պատերը ծեփված են կրաշաղախով:

Եկեղեցուն կից է փլված զանգակատունը: Կիսավեր պատերից երևում է, որ զանգակատունը եղել է կրկնհարկ:

Զանգակատան հյուսիսային մասում գտնվում է սեղանատունը: Այն թաղածածկ դահլիճ է: Պատերը և թաղը կառուցված են տեղական կոպտատաշ քարերից, կրաշաղախով միայն թաղակիր կամարները և որմնասյուներն են շարված սրբատաշ քարերով:

Բաղկացած է երկու դահլիճից: Մեծ դահլիճն ունի բուխարի (օջախ), պատերի մեջ պահարաններ (խորշեր) և մեկ լուսամուտ: Իսկ մյուս դահլիճը ունի միայն մեկ պահարան:

Խաթրավանքից արևմուտք՝ ժայռի մեջ, գտնվում է Խաթրա բերդը: