Հալիվորի կամուրջ․ Արցախի Տումի և Մեծ Թաղեր գյուղերն իրար կապող հանգույցը 

Հալիվորի կամուրջ․ Արցախի Տումի և Մեծ Թաղեր գյուղերն իրար կապող հանգույցը 

2023-10-10T11:36:36+00:00 10/10/2023|Լրահոս, Հրապարակումներ|

Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից 2 կմ հարավ-արևմուտք` Իշխանագետի վրա է գտնվում Հալիվորի կամ Հալևորի կամուրջը: Համաձայն կամրջի հոսքընթաց ճակատին ագուցված քարի վրա փորագրված և պահպանված շինարարական 7 տողանի արձանագրության՝ («Յիշատակ․․․  կամուրջըս Յարութիւնի։ Մդ։  Գեվ․․․  Շինեցի։ Իմ ծնողաց։ Օվ ա(ն)ցնի  ա(ստուա)ծ ողորմա ասի Թ (վին) ՌՄՁԴ ) կառուցվել է 1835թ.:

Կամուրջն իրար է կապել Տումի և Մեծ Թաղեր գյուղերը:

20 մետր երկարությամբ, 3 մետր լայնությամբ, 9 մետր բարձրությամբ միակամար, կիսագլանաձև թաղով ծածկված կամուրջն իրար է կապել ժայռոտ ձորափները։

Տեղանքից ելնելով, նոր կամուրջը կառուցվել  է այնպես, որ Մեծ Թաղլարի կողմից կամրջի խելը մոտ երկու մետր ցած է հանդիպակաց կողմի խելից։

Այն Իշխանագետի և նրա վտակների վրա կառուցված 6 կամուրջներից մեկն է, որոնցից չորսն անխափան պահպանվում և գործում էին մինչև Արցախյան երկրորդ պատերազմը:

Կամուրջը  ներկայումս մշակութային վանդալիզմի է ենթարկվել այդ մասին ավելի վաղ հայտնել է «Կովկասի ժառանգության մշտադիտարկում» (“Caucasus Heritage Watch” // https://caucasusheritage.cornell.edu/) կայքը։

 

Գրականություն

1․ Մկրտչյան Շ․, «Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական  հուշարձանները», Երևան 1985

2․Կարապետյան Ս., Արցախի կամուրջները, Երևան 2009: