Պեղումներ Քանագեղի դամբարանադաշտում

Պեղումներ Քանագեղի դամբարանադաշտում

2023-10-10T17:34:48+00:00 10/10/2023|Լրահոս, Հրապարակումներ|

Գեղարքունիքի մարզի Քանագեղի դամբարանադաշտում մեկնարկել են հնագիտական աշխատանքները։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի  հնագիտական արշավախումբը՝  դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի գլխավորությամբ շարունակում է պեղումները դամբարանադաշտի հյուսիս-արևելյան հատվածի N11 դամբարանաբլուրի տարածքում:

 

Դամբարանադաշտը գտնվում է Սևանա լճի արևմտյան ափամերձ տարածքում, Սևան-Վարդենիս մայրուղին հատող, Երանոս  գյուղից մոտ 5,5 կմ հյուսիս ընկած և Կարմիրգյուղ ու Գեղարքունիք համայնքների վարչական տարածքների սահմանաբաժանին։

Պեղումներից հետո հնագիտական նյութը հանձնվելու է Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանին:

Հնագիտական աշխատանքներն իրականացվում են ՀՀ Գիտության կոմիտեի կողմից Էրեբունի պատմահանագիտական արգելոց-թանգարանին տրամադրված ենթակառուցվածքի պահպանման և զարգացման ծրագրի ֆինանսական միջոցների շրջանակներում։

Դամբարանի պեղման և հետազոտության աշխատանքներում ներգրավված են հնագետներ, մարդաբան, ճարտարապետ և վերականգնող։

2021 թվականի ամռանը վնասվել էր դամբարանադաշտի հարավ-արևմուտքում գտնվող սոցիալական բարձր կարգավիճակ ենթադրող ուշբրոնզեդարյան դամբարաններից չորսը։  «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի  ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության աշխատակիցները ժամանակին ահազանգել էին կատարված հանցագործության մասին, որի արդյունքում հարուցվել էր քրեական գործ։ 2021 թվականի հոկտեմբերին պեղվել էր դամբանաբլուրի հյուսիսային հատվածում գտնվող դամբանախուցը։

2022 թվականին պեղումները շարունակվել են նույն դամբանաբլուրի հարավային հատվածում, որտեղ բացվել էր  թաղման երկրորդ խուցը։