Բերդաքաղաքի կանաչ գեղեցկուհին

Բերդաքաղաքի կանաչ գեղեցկուհին

2023-10-12T11:29:37+00:00 12/10/2023|Լրահոս, Հրապարակումներ|

Կանաչ Ժամ կամ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին գտնվում է Արցախի բերդաքաղաք Շուշիում, սարահարթի բարձրադիր՝ արևմտյան մասում, որտեղից երևում է ամբողջ համայնապատկերը։ Եկեղեցին կառուցվել է 1818 թվականին նախկին Ղարաբաղցոց փայտյա եկեղեցու փոխարեն: Եկեղեցու գմբեթները կանաչով ներկված լինելու հետևանքով Ժամը կոչվել է Կանաչ։

Ժամը տեսանելի է քաղաքի գրեթե բոլոր բնակելի վայրերից՝ շնորհիվ ներդաշնակորեն վեր խոյացող գմբեթի և մատուռի։

Եկեղեցին շինված է արևելք-արևմուտք առանցքով խաչաձև հատակագծով։ Կողային ավանդատները բեմի տակ իջեցնելու հետևանքով, արտաքին՝ արևելյան ճակատակապը կիսակլոր է։

Կանաչ Ժամն աչքի է ընկնում իր յուրօրինակ ներքին հարդարմամբ, ինչն այն դարձնում է եզակի՝ նմանատիպ ճարտարապետական կառույցների շարքում:

Մատուռի մուտքի վերևում պահպանվել է արձանագրություն՝ «Բաբայան Ստեփանոս Հովհաննես: Վախճանված Մկրտիչ եղբոր հիշատակին, 1847»:

20-րդ դարի 20-ական թվականներին` խորհրդային կարգերի հաստատվելուն պես, ի թիվս մյուս եկեղեցիների, իր գործունեությունը դադարեցնում է նաև Կանաչ ժամը:

Մինչև Շուշիի ազատագրումը` եկեղեցին ադրբեջանցիների կողմից ծառայել է որպես առողջարանային համալիրի մի մաս: Սկսել է կրկին գործել Արցախյան թեմի կազմավորումից հետո՝ 1995 թվականի փետրվարի 23-ից՝ Սուրբ Վարդանանց տոնին:

Պատերազմի ավարտից հետո եկեղեցին արդեն մի քանի անգամ վերանորգվել է: Բարեկարգվել է եկեղեցու տարածքը, կառուցվել է հովվատունը, գրատունը, ժողովատեղին:

2015 թ. հուլիսի 4-ին տեղի ունեցավ Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու զանգակատան երկու նոր զանգերի տեղադրման և օծման արարողությունը։

2020 թ․ նոյեմբերի 9-ից ադրբեջանական զինուժի կողմից բերդաքաղաքի կանաչ գեղեցկուհին օկուպացված է: