Բոլորաբերդ (Պռոշաբերդ)  ամրոց

Բոլորաբերդ (Պռոշաբերդ)  ամրոց

Վերնաշեն գյուղից դեպի հյուսիս, 7 կմ հեռավորության վրա է գտնվում Վայոց ձորի նշանավոր ամրոցներից Բոլորաբերդը կամ Պռոշաբերդը։

Բոլորաբերդը կառուցվել է V դ․ Սյունյաց իշխանների կողմից: XIII դ․ սկզբին Զաքարյան եղբայրների գլխավորությամբ Հայաստանն ազատագրելուց հետո ամրոցը վերակառուցվել է և դարձել նշանավոր Պռոշյան իշխանական տոհմի ռազմավարչական կենտրոնը, հետագայում նաև նրանց անունով կոչվել «Պռոշաբերդ»։

Ամրոցի մասին հնագույն հիշատակությունը պահպանվել է  Սյունյաց պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» աշխատանքում՝ 451 թ․ Վարդանանց պատերազմի համատեքստում հայկական զորքերի նահանջը նկարագրելիս:

Ամրոցը հատակագծում յոթանիստ բազմանկյուն է, զբաղեցնում է մոտ 1,5 հա տարածություն, կառուցված է կրաշաղախով միացված կոփածո բազալտաշար պարիսպներով և շրջապատված է հինգ ամուր աշտարակներով։ Ամրոցում պահպանվել են տարաբնույթ կառույցների՝ այդ թվում  եկեղեցու, զորանոցների, ջրամբարի և իշխանական պալատի կիսավեր մնացորդներ։

Ամրոցի կամարակապ մուտքը հարավ-արևմուտքից է՝ կառուցված սրբատաշ քարերով, ունի 2 մ լայնություն և 6 մ բարձրություն:

Ամրոցի անվան հիշատակությունը պահպանվել է նաև մանրանկարիչ Աբրահամ ծաղկողի կողմից Բոլորաբերդից մոտ 1 կմ արևմուտք գտնվող Բոլորաձորի վանքում (Սպիտակավոր վանք) պատկերազարդված 1475 թ․ Ավետարանի հիշատակարանում:

 

 

 

Գրականություն

  1. Ազարյան Ա․ 1993, Բոլորաբերդ ամրոցը, Լրաբեր հասարակական գիտությունների, № 2, էջ 133-140։
  2. Զարեան Ա․ 1995, Բոլորաբերդ (Պռոշաբերդ) ամրոցը, Բազմավէպ, 1-4, էջ 306-331։
  3. Հակոբյան Թ․, Մելիք-Բախշյան Ս․, Բարսեղյան Հ․ 1988, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, Երևանի համալսարանի հրատ․, էջ 361, 722։
  4. Յովհաննէսեան Մ․ 1970, Հայաստանի բերդերը, Վենետիկ, Ս․ Ղազար, էջ 366։
  5. Ստեփանոս Օրբելյան 1986, Սյունիքի Պատմություն, Երևան «Սովետական գրող» հրատ․, էջ 107։