պետ. ցուցիչ` 4.20.1
ԳԵղարքունիքի մարզ, գ․ Բերդակունք
«Բերդկունք» («Սպիտակ բերդ») ամրոցը բազմաշերտ հուշարձան է, թվագրվում է մ․թ․ա․II–I հազ., վերակառուցվել և զարգացման բարձրակետին է հասել միջնադարում։ Այն գրեթե անմատչելի է բոլոր կողմերից, բացի Բերդակունք գյուղի արևելյան կողմից, որը ներկայումս միաձուլվել է ամրոցի ավերակների հետ: Բերդկունքի ամրոցն արևմուտքից արևելք, համարյա իր ամբողջ երկարությամբ եզերվում է ժայռապատ խրամուղիներով և հարավարևմտյան անկյունում միանում դեպի հյուսիս ձգվող մեկ այլ խրամուղու: Խրամուղիների ընդհանուր երկարությունը հասնում է 275 մետրի:
Բերդկունքի ամրոցի դիրքն այնքան գերիշխող է շրջապատի նկատմամբ, որ միջնադարում կիկլոպյան ամրոցի փլատակների վրա կառուցվել է մի նոր` ամրակուռ ամրոց, որի անունով էլ մինչ օրս այն կոչվում է «Սպիտակ բերդ» («Աղկալա», «Իշխանաց բերդ»): Բերդը կառուցվել է մշակված բազալտով (կիկլոպյան շարվածքներում օգտագործվել է կոպտատաշ ու անմշակ, կարմրավուն բազալտ)՝ կրաշաղախի օգտագործմամբ:
Համեմատաբար լավ են պահպանվել միջնադարյան «Սպիտակ բերդ» ամրոցի կենտրոնական մասի կառույցները, կանգուն է պարսպապատը: Միջնաբերդի հարավային աշտարակն ունի մինչև ութ մետր բարձրություն: Պահպանվել են բազմաթիվ շինությունների ավերակներ, հատկապես՝ արևելյան մասում, լճին հարող հատվածում, որտեղ պատերի բարձրությունը հասնում է մինչև 1,5 մ:
Բերդկունքն ընկած էր առևտրական կարևոր ճանապարհների խաչմերուկներում, կարևորագույն կայան էր Դվին-Պարտավ տարանցիկ ճանապարհի վրա։
Բերդկունքն առևտրի և արհեստագործության կենտրոն էր և վաճառատեղի, որտեղ վաճառահանվում էին Գեղարքունիքի գավառից և շրջակայքից բերված ապրանքները։ Նշանավոր էր իր խանութներով, կրպակներով և իջևանատներով։ Բերդկունքն այն բացառիկ առևտրի կենտրոններից էր, որ չէր պատկանում այս կամ այն ֆեոդալի և ամբողջովին ենթակա էր քաղաքի ավագանուն։
Ավերվել է թաթար-մոնղոլական արշավանքներից (XIII-XIV դդ․)։