Բարձր լեռներ, խոր ձորեր ու մութ անտառներներում ծվարած հազարամյա հուշարձաններ․ այսպես է նկարագրում հարազատ Տավուշի մարզը Պատմական միջավայրի պահպանության Տավուշի մարզային ծառայության պահապանը։ Սուրեն Գուլքանյանի համար Տավուշն ու տավուշցին միաձուլված իրար նման են։
Սուրեն Գուլքանյան ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության հուշարձանի պահապան
Ես էլ այ հենց էտ ժառանգության մի մասն եմ, դրա կրողն ու պահպանողն եմ։
Պահապան Սուրեն Գուլքանյանը անտառոտ Նոյեմբերյանից է, զրույցն սկսում է Տավուշի չքնաղ բնության թաքստոցների մասին հիշելով, պատմելով։
Սուրեն Գուլքանյան ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության հուշարձանի պահապան
Անտառների մեջ մի թաքստոց կա, որը Իջևանի տարածաշրջանի Կիրանց վանքից գալիս հասնում է (Սրբասար ենք ասում), Ջուխտակ եկեղեցի, այն ժամանակին քոչվոր ցեղերից պաշտպանողական տարածք է համարվել:
Իրեն վստահված տարածքի հուշարձանները տասը մատի նման գիտի ասում է․ 2006-ից ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության հուշարձանի պահապան է: Մինչև պատմական հուշարձանների պահպանությունը դպրոցում պատմություն է դասավանդել, մասնագիտությամբ պատմաբան է։
Սուրեն Գուլքանյան ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության հուշարձանի պահապան
Դպրոցում աշխատելու տարիներին բացի ուսումնական ձեռնարկի նյութերից իմ աշակերտներին ծանոթացրել եմ նաև հենց մեր մարզի պատմությունը, նշանավոր կոթողները, դրանց կարևորությունը, հաճախ եմ պատմել հատկապես Մշկավանքի մասին։
Մշկավանք վանական համալիրի հետ պահապան Գուլքանյանը հոգով, սրտով է կապված։ 55 ամյա պահապանը աշխատանքային 17 տարիների ընթացքում հասցրել է աշխատել Նոյեմբերյանի երկու պահպանական գոտիներում էլ։
Սուրեն Գուլքանյան ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության հուշարձանի պահապան
Մեր տարածաշրջանը հարուստ է Կիկլոպյան ամրոցներով հատկապես Նոյեմբերյանի 4 կողմը կիկլոպյան ամրոցներ են: Ճարտարապետական յուրահատուկ հուշարձան է Ոսկեպարի եկեղեցին, Բերդավանի Ղալինջաքար ամրոցը՝ Սուրբ Նշան եկեղեցիով, որոնք ավելի լավ են պահպանվել:
Անտառների մեջ ծվարած վանքեր, հուշարձանների տարածքներ բարձրանում են մեծ դժվարություններ հաղթահարելով, սակայն պահապանը այդ դժվարություններից չի բողոքում:
Սուրեն Գուլքանյան ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության հուշարձանի պահապան
Մեր տարածաշրջանի բնակիչները սովոր են անտառներ, սարեր ձորեր բարձրանալու, վայրի կենդանիների հետ «չնախատեսված հանդիպումներ ունենալու»։ Այնպես որ բնությանը մոտ կանգնած մարդուն չի խանգարում շրջայցերի ընթացքում հանդիպող դժվարությունները։
Դժվարությունների վրա աչք փակող պահապանը մարզային ծառայության մյուս աշխատակիցների հետ հաճախ սահմամերձ գոտիներում են շրջայցեր իրականացնում, հասնում անգամ հայ-ադրբեջանական սահման։
Սուրեն Գուլքանյան ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության հուշարձանի պահապան
Օրինակ սահմանին գտնվող Բարեկամավանի շրջանի մի մասը դիտարկվող տարածքում է, հատվածներ կան, որ ականապատված է, որքան հնարավոր է մոտենում ենք անգամ հեռադիտակով ուսումնասիրում այնտեղ գտնվող հուշարձանների պահպանական վիճակը։
Պահապան Գուլքանյանի խոսքով Տավուշում բնակչության մեծամասնությունը տեղյակ է մարզային ծառայության մասին։ Աշխատակիցներին ճանաչում են, եթե մի բան էլ դեռ պահապանը չի հասցրել արձանագրել, բնակիչներն իրենք են շտապում ծառայության աշխատակիցներին տեղեկացնելու: Հենց այդպես հուշարձանի պահապան ու բնակիչ՝ միասին, հսկում, պահպանում են Տավուշի պատմամշակութային հուշարձանները։