Մայրական սիրով ու նվիրումով հուշարձաններին կյանք տվող պահապանը

Մայրական սիրով ու նվիրումով հուշարձաններին կյանք տվող պահապանը

2023-11-30T11:05:29+00:00 30/11/2023|Լրահոս|

Վայոց ձորի լեռնային հատվածներում առաջին ձյունն է տեղացել, իր հետ նաև անհարմարություններ բերել, մտքով մարզի հուշարձանները պատմում է պահապան Ստեփանյանը։

Թերեզա Ստեփանյան ՊՄՊ Վայոց ձորի մարզի հուշարձանների պահապան

Շուտով դժվար կլինի հասնել հատկապես սարերում գտնվող հուշարձաններին։ Այսօրվա պես հիշում եմ անցած ձմեռ Գանձակ էինք գնացել այնքան  առատ ձյուն էր տեղացել, որ չկարողացանք մեքենայի դուռն անգամ բացել։

Ոչ այնքան դժվարամատչելի ճանապարհների, որքան հուշարձանների պահպանությունն է անհանգստացնում Պատմական միջավայրի պահպանության Վայոց ձորի մարզային ծառայության հուշարձանների պահապանին։ Առաջին ձյան հետ ուշք ու միտքը  հուշարձաններն են․ հանկարծ չվնասվեն։

Թերեզա Ստեփանյան ՊՄՊ Վայոց ձորի մարզի հուշարձանների պահապան

Ուզում եմ բոլոր հուշարձաններն էլ  ծածկ ունենան, ամրակայվեն, չեմ ուզում խոնարհված տեսնել որևէ հուշարձան։

Հուշարձանների նկատմամբ մայրական սիրով ու նվիրումով արդեն 20 տարի հուշարձանների պահապան Թերեզա Ստեփանյանը շրջում է իրեն վստահված տարածնքերով  արձանագրում, պահպանում իրեն վստահված հուշարձանները։

Թերեզա Ստեփանյան ՊՄՊ Վայոց ձորի մարզի հուշարձանների պահապան

2003 թվականից  ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայությունում եմ, ավարտել եմ Երևանի թեթև արդյունաբերական տեխնիկումը,  մասնագիտությամբ տեխնոլոգ եմ։

Մասնագիտությամբ տեխնոլոգ, հոգով-սրտով՝ հուշարձանապահպան, 64 ամյա տիկին Թերեզայի խոշորացույցի տակ Վայոց ձորի 75 հուշարձան կա, որոնք գտնվում են Ագարակաձորում, Արենիում, Գնիշիկում և այլուր։

Թերեզա Ստեփանյան ՊՄՊ Վայոց ձորի մարզի հուշարձանների պահապան

Մի ամբողջ կյանք նվիրել եմ այս գործին, դժվարանում եմ  առանձնացնել սիրելի հուշարձանը, քանի որ  յուրաքանչյուրին էլ սրտի նույն ցավով, նույն ջերմությամբ եմ մոտենում, բայց որ շատ եք պնդում փորձեմ առանձնացնել սրտիս առավել կպած հուշարձանները մեկը՝ Գանձակի եկեղեցին է, մյուսն էլ՝ Բոլորաբերդի Թուխմանուկը։

Թուխմանուկից մինչև Գանձակ ու Գնիշիկ, լինի ձմեռվա բուք, թե ամռան կիզիչ արև պահապան Ստեփանյանը  շրջայցեր է իրականացնում՝ ինչպես  ծառայության անձնակազմի, այնպես էլ ընտանիքի անդամների հետ։

Թերեզա Ստեփանյան ՊՄՊ Վայոց ձորի մարզի հուշարձանների պահապան

Կարելի է ասել մենք ընտանիքով ենք հուշարձանի պահապան։ Ամուսինս, տղաս հաճախ են ինձ հետ շրջայցերի  գալիս, միասին էլ հուշարձանների տարածքներում մաքրման աշխատանքներ ենք իրականացնում։ Բայց ինձ համար ամենաոգևորողը թոռնիկիս նվիրվածությունն է։

Տիկին Թերեզայի 5 տարեկան թոռնիկն արդեն անգիր գիտի, թե ինչ ցուցիչ ունի օրինակ  Դադալի կամուրջն  ու  տատիկի  պատասխանատվության տակ գտնվող մյուս հուշարձանները։