Գորիսի տարածաշրջանի լքված բնակավայրերի պահպանության և զարգացման հեռանկարները «Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը» միջազգային 6-րդ գիտաժողովում

Գորիսի տարածաշրջանի լքված բնակավայրերի պահպանության և զարգացման հեռանկարները «Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը» միջազգային 6-րդ գիտաժողովում

2023-12-05T16:31:47+00:00 05/12/2023|Լրահոս, Հրապարակումներ|

Խորհրդային Միությունում XX դ. կեսին սկիզբ առած արդիականացման գործընթացներն ամբողջությամբ վերափոխեցին գյուղական բնակավայրերը։ Ի տարբերություն Խորհրդային Հայաստանի այլ տարածքների՝ Գորիսին հարակից բնակավայրերն ամբողջությամբ կիրճից տեղափոխվեցին հարթավայր և նոր, կանոնավոր հատակագծային լուծումներով բնակավայրեր հիմնվեցին:

Դրանց տեղափոխման հարցում կարևոր էին նաև Տաթևի հիդրոէլեկտրակայանի շինարարական աշխատանքները, որոնց ընթացքում բնակիչները հեշտությամբ շինանյութ հայթայթելու հնարավորություն ստացան։

1960-ական թթ. Որոտանի կիրճի Խոտ, Շինուհայր, Հալիձոր և Հարժիս բնակավայրերն ամբողջությամբ տեղափոխվեցին հարթավայր՝ Եռաբլրի սարահարթի մոտ։ Խնձորեսկ գյուղում տեղափոխման գործընթացն սկսվեց 1931 թ. ավերիչ երկրաշարժից հետո, սակայն ընդհատվեց սկիզբ առած Երկրորդ աշխարհամարտով, այնուհետև 1950-ական թթ. հին Խնձորեսկն ամբողջությամբ լքվեց։ Վերջինիս օրինակին հետևեցին նաև Կյորու (Ձորաշեն), Այգեձոր և Ազատաշեն գյուղերը, որոնց միավորումով հիմնվեց Հարթաշեն գյուղը։

Զեկույցում քննարկվել են Գորիսի շրջանի լքված բնակավայրերը՝ որպես առավել վտանգված պատմամշակութային ժառա

նգության վայրեր։

 

Արգամ Երանոսյան «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտահետազոտական բաժնի պետ

Այստեղ հուշարձանները շարունակաբար վտանգվել են բնական աղետների (երկրաշարժեր և սողանքներ), խորհրդային իշխանությունների որդեգրած քաղաքականության, անտեսման, կողոպուտի, պատերազմի և այլ պատճառներով։ Այս տարածքում վիմափոր ժառանգության պահպանությունը դժվարանում է բնակիչների կողմից տեղանքի տնտեսական նպատակով օգտագործման, սեյսմիկ ակտիվության, ինչպես նաև վերջին տարիներին սահմանային գոտու վերածվելու պատճառով։

Նշված մարտահրավերների լուծումը պահանջում է  տարբեր գիտաճյուղերի նեկայացուցիչների (երկրաբաններ, հնագետներ, ազգագրագետներ, ճարտարապետներ և այլն) ներգրավում և նպատակային գործնական ծրագրերի իրականացում։

Համատեղ ջանքերը, ներառական նախաձեռնությունները և կայուն զարգացման ռազմավարությունները կապահովեն լքված բնակավայրերի, որպես մշակութային ժառանգության օբյեկտների, պահպանումը, անհրաժեշտության դեպքում՝ մասնակի կամ ամբողջական վերականգնումը, թանգարանացումն ու հետագա նպատակային օգտագործումը: