«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում ավարտվել է 2023 թ․ տարեկան հաշվետվությունները։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն իր գործառույթների շրջանակում իրականացրել է հուշարձանների պահպանության, հանրահռչակման, ուսումնասիրման, հուշարձանների տարածքների մաքրման, բարեկարգման աշխատանքներ։
Հաշվետվություններն ընդունել են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն՝ Արմեն Հովհաննիսյանը, տնօրենի տեղակալներ՝ Հայկ Դանիելյանը, Արտավազդ Զաքյանը։
2023 թվականի տարեկան հաշվետվության առաջին օրը անցնող տարվա աշխատանքներն ամփոփել են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոցների, արգելոց-թանգարանների վարիչները։
Ծառայության տնօրեն Արմեն Հովհաննիսյանը արգելոցների վարիչներին հանձնարարել է քայլեր ձեռնարկել ՊՈԱԿ-ի բաժինների հետ գործակցությամբ նպաստել այցելությունների ավելացմանը, տուրիստական ընկերությունների հետ քննարկել նոր ուղղությունների ակտիվացմանը՝ ներառելով ծառայության մասնաճյուղ վճարովի և անվճար արգելոցներն ու արգելոց-թանգարանները:
2024 թվականի ընթացքում արգելոցների, արգելոց-թանգարանների տարածքներում տեղադրվելու են մոդուլային տնակներ, որոնք կունենան անհրաժեշտ պայմաններ և աշխատակիցների և այցելուների համար։
Հաշվետվության երկրորդ օրը անցնող տարվա կատարած աշխատանքներն են ներկայացրել Պատմական միջավայրի պահպանության մարզային ծառայության ներկայացուցիչները։
Խնդրահարույց ու կարևոր հարցերի շարքում՝ հուշարձանների պահպանական գոտիների բացակայությունն ու անճշտություններն են, իրավախախտումները, ինքնակամ շինությունները, պահպանվածության առումով առավել վտանգված հուշարձանների մշտադիտարկման աշխատանքները, նոր կյանք ստացած խաչքարերը։
Հաշվետու ժամանակահատվածում հուշարձանների տարածքներում կատարված իրավախախտումների և այլ չհամաձայնեցված աշխատանքների 85 դեպք է արձանագրվել։ Իրավախախտումների վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրվել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն և իրավապահ մարմիններին։
2023 թ․ հաշվետու ժամանակահատվածում մարզային ծառայությունների ջանքերով ուղղվել և ամրացվել է թվով 71 խաչքար։
Տնօրենի տեղակալ Հայկ Դանիելյանը հանձնարարել է ծառայության ղեկավարներին «Խաչքարերին նոր կյանք» ծրագրի շրջանակում իրականացվող խաչքարերի ցուցակը ժամանակին պատրաստել և ամբողջական ներկայացնել ՊՈԱԿ։
Մարզային ծառայությունները ներկայացրել են տեղեկատվություն հուշարձանների տարածքներում պեղումների և նորոգման աշխատանքների մասին։
Հաշվետվության վերջին՝ երրորդ օրը, անցնող տարին ամփոփել են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Ֆոնդերի, Հուշարձանների պապանության, Վերականգնման լաբորատորիայի, Գիտահետազոտական, Իրավաբանական, Մարքեթինգի և զարգացման ծրագրերի, Ցուցադրությունների և միջոցառումների կազմակերպման, ՊՈԱԿ-ի վարչական մասնաշենքի անվտանգության ՔՊ և ԱԻ բաժինները։
Գիտահետազոտական բաժինը կազմել է 1100 գիտական վկայագիր, «Մշակութային արժեքների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանում» մուտքագրել 1628 թանգարանային առարկայի տվյալ։
«Խաչքարերին նոր կյանք» ծրագրի շրջանակում կազմվել է 64 խաչքարի նկարագիր, իրականացվել Հայաստանի 100 ամրոցների տեղեկատվական վահանակների հայերեն տեքստերի խմբագրում։
Թանգարանային առարկաների վերականգնման բաժին-լաբորատորիան հաշվետու ժամանակահատվածում իրականացրել է թվով 142 առարկայի մաքրում և ամրակայում, 45 առարկայի վերականգնում։
Տարվա ընթացքում կատարվել է արտապլանային աշխատանք՝ մաքրվել է 2022 թ․ ին «Ամբերդ» պ/մ արգելոցի տարածքում պեղումներից հայտնաբերված 644 խեցու բեկոր, որից թերի ամբողջացել է 4 կարաս։
Ցուցադրությունների և միջոցառումների կազմակերպման բաժինը կազմակերպել և անցկացրել է կրթական ծրագրեր, միջոցառումներ, ցուցադրություններ։
Հաշվետու ժամանակահատվածում իրականացրել է «Հայաստանը ֆրանկոֆոն ճանապարհորդների աչքերով․ երեկ, այսօր ․․․», «7 ազատ արվեստ», «Ճանաչի՛ր տաճարի յուրաքանչյուր բեկորը գույնի միջոցով», «Արի՛ վերականգնենք Զվարթնոցը», «Արի խաղանք ավանդական խաղեր» մասնակցային խաղ-փառատոն, գիտակրթական ծրագրերը, «Համայնքային հուշարձանապահպանություն» ծրագիրը և «Ուսումնասիրություններ նոր լույսի ներքո», «Մունք. Քաշաթաղ» խորագրով ցուցադրությունները:
Ֆոնդերի հաշվառման և պահպանման բաժնի հիմնական հավաքածուն համալրվել է 2194 միավոր առարկայով (իրային՝ 623, փաստավավերագրեր՝ 1571), հույժ կարևոր հուշարձանների փաստավավերագրական նյութերի 255 միավոր առարկայի ապահովագրական պատճեններ են ստեղծվել։
Հայկական գանձարան տեղեկատվական շտեմարանը լրացվել է 10098 միավոր թանգարանային առարկայի վերաբերյալ տեղեկույթով։
Հուշարձանների պապանության բաժին հաշվետու ժամանակահատվածում մուտքագրվել է 1066 գրություն, որոնց մեջ ներառված տեղեկատվությունն ուսումնասիրվել և համակարգվել է, կազմվել են համապատասխան գրություններ։
Պահպանվածության առումով առավել վտանգված հուշարձանների մշտադիտարկման աշխատանքների շրջանակներում մարզային ծառայություններին տրվել է համապատասխան հանձնարարական, որի ամփոփման աշխատանքներն ընթացքի մեջ են, ինչպես նաև բաժինը իրականացրել է մի շարք շրջայցեր Վայոց ձորի, Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերի մի շարք հուշարձանների տարածքներում։
2023 թ․ Մարկետինգի և զարգացման ծրագրերի բաժնի համար առաջնային խնդիր է եղել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոցներից «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հանրահռչակումը՝ նպատակ ունենալով ավելացնել այցելուների թիվը։ 22․11․2023-ի դրությամբ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում գրանցվել է ավելի քան 5000 այցելու։ Բաժինը իրականացրել է արգելոցները/արգելոց-թանգարանները հանրահռչակող թվով 14 տեսահոլովակի նկարահանման աշխատանքներ, ստեղծվել են «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց – թանգարանի վիրտուալ տուրերը։
Ամփոփելով 2023 թ․ արդյունքները Արտավազդ Զաքյանը նշել է, որ այս տարում շեշտը դրվել էր ավելի շատ գիտակրթական, ներառական ծրագրերի վրա, ինչը տվել է իր դրական արդյունքը։ 2024 թ․ նախատեսվում է ներդնել նոր կրթական ծրագեր, անցկացնել էքսկուրսիաներ, միջնադարյան զենքերի կրկնօրինակներով կազմակերպել խաղեր արգելոցներում։
Ամփոփելով 2023 թ. տարեկան հաշվետվությունները հանձնաժողովի նախագահ, ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Հայկ Դանիելյանը նշել է, որ ենթակա ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարականները կտրվեն գրավոր: