«Թղիթ» ամրոցը կառուցվել է հավանաբար վաղ երկաթի դարում՝ Ք․ա․ II հազարամյակի վերջերին, ապա վերակառուցվել և շարունակել է ծառայել որպես անառիկ ամրոց-բնակավայր նաև միջնադարում: Գտնվում է Ծաղկունյաց լեռնաշղթայի Թեղենյաց լեռնաբազուկի ռազմավարական բարձունքին և անառիկ դիրքի ու մեծ տեսանելիության դաշտ ունենալու շնորհիվ հանդիսացել է Արարատյան դաշտը հյուսիսից եզերող պաշտպանական համակարգի կարևոր օղակներից մեկը, վերահսկել Հրազդան գետի ավազանով դեպի Սևանա լճի ավազան և ավելի հյուսիս տանող միջազգային առևտրական ճանապարհները։
Ամրոցը պաշտպանված է աստիճանաձև դասավորված երեք շարք պարիսպներով, որոնցից առավել անառիկ է բարձունքի գագաթին գտնվող և ուղղանկյուն աշտարակներով հզորացված միջնաբերդը։ Ամրոցի պարիսպները կառուցված են անմշակ զանգվածեղ քարերով, մանր գլաքարային միջնալիցքով և կրաշաղախով: Պարիսպներն ունեն մինչև 6 մ պահպանված բարձրություն:Միջնաբերդի շուրջը՝ դարավանդներին, տարածվում են բնակելի թաղամասերի ավերակները։
Գրականություն
- Արեշյան Գ․, Ղաֆադարյան Կ․, Սիմոնյան Հ․, Տիրացյան Գ․, Քալանթարյան Ա․1977, Հնագիտական հետազոտություններ Հայկական ՍՍՀ Աշտարակի և Նաիրիի շրջաններում, Լրաբեր հասարակական գիտությունների, № 4, էջ 77-93։
- Հակոբյան Թ․, Մելիք-Բախշյան Ս․1988, Բարսեղյան Հ․, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հտ․2, Երևան, ԵՊՀ հրատ., էջ 458-459։