Բեխի անապատ (Տանձափարախ)

Բեխի անապատ (Տանձափարախ)

Բեխի անապատը ուշ միջնադարի Սյունիքի ճարտարապետության արժեքավոր հուշարձաններից է: Գտնվում է Կապան քաղաքի Բեխ թաղամասից 5 կմ հարավարևելք` բարձր լեռան արևելյան լանջին, անտառի մեջ:

Ներկայիս եկեղեցու պատերի շարվածքներում օգտագործված բեկորները վկայում են, որ անապատի տեղում եղել է ավելի հին` VII դ. հուշարձան, որն ամբողջությամբ քանդվել է, իսկ քարերը մասամբ օգտագործվել են նոր հուշարձանի կառուցման համար:

XVII դ. պատմիչ Առաքել Դավրիժեցու վկայությամբ` եկեղեցին հիմնովին վերակառուցել է Տաթևի Մեծ անապատի վանահայր Արիստակեսը XVII դ. 20-ական թվականներին: Այդ իսկ պատճառով անապատը հայտնի է նաև Արիստակեսի ինչպես և Տանձափարախի անապատ անվանումով: Կառուցվել է կիսամշակ բազալտով և որձաքարով:

Բաղկացած է եկեղեցուց, գավիթ-սրահից, սեղանատնից, միաբանության խցերից և պարսպից: Համալիրից պահպանվել են եկեղեցին և սեղանատունը, մյուս շինություններից` միայն հետքերը:

Եկեղեցի – միանավ, թաղածածկ, արևմուտքից արևելք ձգված ուղղանկյուն կառույց է` ավագ խորանի երկու կողմերում զույգ ավանդատներով: Իր հորինվածքով` միանավ դահլիճի և եռանավ բազիլիկի ճարտարապետական հորինվածքի զուգակցման եզակի օրինակ է Սյունիքի XVII դ. եկեղեցական ճարտարապետության մեջ:

Գավիթ-սրահ կցված է եղել եկեղեցուն արևմտյան կողմից: Մնացել են միայն հյուսիսային և հարավային պատերի փլատակները:

Սեղանատուն – գտնվում է եկեղեցուն կից, նրա հարավային կողմում: Ուղղանկյուն, թաղածածկ կառույց է: Պատերի շարվածքում օգտագործված են հնագույն մենաստանի ատամնավոր քիվի և քանդակազարդ գոտու բեկորներ:

Տարածքում կան 11-18 դդ․ թվագրվող 4 խաչքար։ Վանական համալիրից արևելք՝ մոտ 50 մ հեռավորության վրա կա փոքրիկ մատուռ։