Վանդալիզմ Կարմիր բերդի տարածքում

Վանդալիզմ Կարմիր բերդի տարածքում

 

 Սույն թվականի հունվարի 20-ին Պատմական միջավայրի պահպանության Կոտայքի մարզային ծառայությունը հաղորդում է ստացել, որ ՀՀ Կոտայքի մարզի  Նաիրի համայանքի Զովունի  վարչական տարածքում գտնվող  Կարմիր բերդ  /Ք․ ա 2 հազ․-միջնադար, պետ․ ցուցիչ՝ 6․29․1/ հնավայրի տարածքում կատարվել են հողի քանդման աշխատանքներ:

Արշավի մեկնած երիտասարդների խումբը նկատել է թարմ  հողաքանդման հետքերը: Ահազանգը կատարել է նույն համայնքի բնակիչ Վարդուհի Բարսեղյանը, ով նկարների և վիդեո հոլովակի միջոցով արձանագրել է գանձագողության դեպքը:

Անհայտ անձը կամ անձինք կատարել են հողաքանդման աշխատանքներ՝  փորվել են փոսեր, կոտրվել որմնաքարեր, հայտնաբերվել են ոսկորների բեկորներ։

ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դեպքի առթիվ դիմել է ՀՀ ՆԳՆ ոստիկություն՝ իրավախախտներին  հայտնաբերելու և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար։

 

 

 

 

Պատմական ակնարկ Կարմիր բերդի մասին

Հուշարձանախումբը բաղկացած է ամրոցից, դամբարանադաշտից, դոլմենից, ժայռապատկերներից, սեպագիր արձանագրությունից և հին քարե դարի երկու քարայր-կացարանից։  6․3 հա տարածքով ամրոցը կառուցված է  Հրազդան գետի աջակողմյան բարձր հրվանդանի վրա և եզերված է հրվանդանի պարագծով ձգվող պարսպաշղթայով։  Բրոնզեդարյան ամրոցի  մուտքը գտնվում է հյուսիս-արևմտյան մասում՝ Եղվարդաջուր  գետակի աջ ափին։ Մուտքի մոտ հսկա քարի վրա փորագրված է անընթեռնելի սեպագիր արձանագրություն։

Ամրոցի ներսում պահպանվել են բրոնզի և վաղ երկաթի դարի հելլենիստական և միջնադարյան բնակելի տների և կառույցների ավերակներ։

Ամրոցից հարավ-արևմուտք տարածվում է միջին և ուշ բրոնզի ու վաղ երկաթի դարերի դամբարանադաշտը, որի վրա այժմ գտնվում է Զովունի գյուղը։