Օրենքի՝ նախկին, հուշարձանների՝ ներկա պահապանները Աղնջաձորից

Օրենքի՝ նախկին, հուշարձանների՝ ներկա պահապանները Աղնջաձորից

-Ալո, բարև Ձեզ, ես Աննա Զաքարյանի՞ հետ եմ խոսում

-Այո, այո, լսում եմ

– Ուզում ենք հուշարձանների պահպանության ոլորտում Ձեր փորձի, անցած տարիների մասին մեզ հետ կիսվեք, եթե դեմ չեք իհարկե․

Հեռախոսային խոսակցությունը մի պահ ընդհատում է տղամարդու ձայնը․

-Մինչև տիկին Աննան պատմի հուշարձանների պահպանության ոլորտում իր փորձի մասին մի երկու բան էլ ես ասեմ, նոր շարունակեք ձեր խոսակցությունը։

Խոսակցության մեջ մտած զրուցակիցը ոստիկանության թոշակառու, ինչպես Վայոց ձորի մարզային ծառայությունում էին կնքել ՝ ծառայության փեսա, Աննա Զաքարյանի ամուսինն է՝ Արմեն Բայաթյանը։ Օրենքի նախկին պահապանը  պատմում է հուշարձանների պահապան կնոջ աշխատանքի մասին․ այստեղ  մեծ է նաև իր ներդրումը․

Արմեն Բայաթյան

Հայրս շուրջ 40 տարի սեփական զավակի պես հոգ է տարել Վայոց ձորի մարզի հուշարձանների մասին։ 1998 թ-ին կյանքից հեռացավ հայրս և քանի որ ծառայությունում գիտեին մեր ընտանիքի նվիրումը ինձ  առաջարկեցին  շարունակել հորս  աշխատանքը։

Արմենը կշարունակեր  հորից ժառանգած գործը, բայց  ոստիկանության համակարգում աշխատանքը, թույլ չտվեց այլ  աշխատանքով զբաղվել, այնուհետև սկեսրայրից հարսին փոխանցվեց հուշարձանները պահպանելու, ժառանգելու կարևոր գործը։

Աննա Զաքարյան ՊՄՊ Վայոց ձորի մարզի հուշարձանների պահապան

Առաջին պահպանական գոտին է, 62 հուշարձանի պահպանություն եմ  իրականացնում։ Շրջում ենք, հետևում ու միշտ չէ, որ գրաֆիկով ենք առաջնորդվում օրինակ Օրբելյանների քարավանատուն ավելի հաճախ ենք գնում։

Շաբաթվա մեջ երկու-երեք անգամ միայն այս հուշարձան են այցելում․ Վերջինը՝ երկու օր առաջ էր․ իջել էին՝ ձնամաքրման աշխատանքներ  կատարելու։

Աննա Զաքարյան ՊՄՊ Վայոց ձորի մարզի հուշարձանների պահապան

Այժմ 40 սմ ձյան շերտ է, ձյունը լցվում է քարավանատան մուտքը փակվում է,  հետևողական ենք  թույլ չենք տալիս փակվի։Եթե հանկարծ փակվի, բացելն արդեն շատ դժվար կլինի։

Զուգահեռ թվարկում է մարզի հարուստ հուշարձանները, հիշում տարբեր դեպքեր, իրողություններ և դարձյալ պատմությունը կանգնում է Վարդենյաց լեռնանցքում գտնվող ճարտարապետական լուծումներով առանձնակի կարևորություն ունեցող Օրբելյանների իջևանատանը /Սելիմի քարավանատուն/։

Աննա Զաքարյան ՊՄՊ Վայոց ձորի մարզի հուշարձանների պահապան

 Տարիներ առաջ հուշարձանների պահպանության օրվա շրջանակում մեծ միջոցառում էր կազմակերպվել զուգորդված հարիսայի հյուրասիրությամբ, խոհարարը՝ ես էի։ Մեկ վայրում մեկտեղվել էր հայկական նյութական ու ոչ նյութական մշակույթը, քարավանատան տարածքը լցվել էր հայկական ավանդական ճաշատեսակների բույրով։

Ո՞ր թվականն էր մտաբերել չի կարողանում,  Արմենը փորձում  է հիշել, սակայն տիկին Աննան պնդում է, թե շփոթում է, որ այդ անգամ այլ միջոցառում էր։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար  Աշոտ  Փիլիպոսյանն էլ ծառայության անունից լավ կատարած աշխատանքի համար պատվոգիր է հանձնել։

Պատվոգրեր, հարգանք ու պատիվ ծառայությունում վաստակել են լավ կատարած աշխատանքի դիմաց, 18 տարի տարբեր դժվարություններ հաղթահարելով ամուսնինները խոշորացույցի տակ են պահում մարզի պատմամշակութային կոթողները։

Աննա Զաքարյան ՊՄՊ Վայոց ձորի մարզի հուշարձանների պահապան

Օրեր առաջ, երբ ձյան բարձրությունը դեռ 20 սմ էր գնացինք Սալլի գյուղ, նախօրոք տեղեկացել էինք, որ տրակտորը մաքրել է ու կարող ենք  մեքենայով գնալ։ Գնացինք ճանապարհը «ժիգուլի»-ի  համար լավ չէր, թաղվեցինք ձյան մեջ։ Իսկ, թե երկուսով ոնց ենք մեքենան հանել ձյան միջից հետ եկել, հրաշք կարելի է համարել։

Այսպես՝ ամեն օր է․ մի օր ձյուն ու բուք, մի օր՝ հորդառատ անձրև, մի օր էլ կիզիչ արև, աշխատանքային գրաֆիկն ու պարտավորությունը չի փոխվում։ Սրտացավորեն աշխատում են՝ մաքրում, հաճախ խաչքարերին նոր կյանք տալիս, հետևում, որ անօրեն գործեր չարվեն։

 

 

 

Արմեն Բայաթյան

Աղնջաձոր գյուղի վերջում միանավ քարավանատուն կա՝ 14-րդ դարի կառույց է։ Մետաքսի ճանապարհն է անցել այդտեղով, մարդիկ եկել են Հնդկաստանից, Իրանից քարավաններով, եթե չեն հասել  մեծ քարավանատուն իջևանել են այդ քարավանատանը։ Հուշարձանի  մոտակայքում տարիներ առաջ  համապատասխան թույլտվությամբ տաղավար է կառուցվել, ինչը  թույլ է տալիս մաքուր պահել, չաղտոտել հուշարձանի տարածքը։

Թառաթումբից Աղնջաձոր  հարս գնացած Աննան  ու  Արմենը երեք զավակ են ունեցել, հաշտ ու համերաշխ ապրել։ Այսօր զավակները հայրենի գյուղում չեն ու այդ ողջ ուշադրությունը, սերն ու ջերմությունը կրկնապատկելով՝ հուշարձաններին են նվիրել՝ աշխատանքային նոր ծրագրերով սպասելով գարնան գալուստին։