Մարտիրոսը Վայոց ձորի հնագույն ու մնայուն բնակավայրերից է։ Հիմնադրման ստույգ տարեթիվը և հիմնադիրների անունները պահպանվել են 1283 թ․ կանգնեցված խաչքարերին։
Վարդագույն գրանիտից կերտված խաչքարի արձանագրությունից երևում է, որ գյուղը հիմնել է Դեղկա Մխիթարը՝ իշխանաց իշխան Պռոշի և նրա որդի Հասանի կամքով։
12 տողանոց արձանագրությունը փորագրված է խաչքարի չորս կողմում․ «Յանուն ամենակալին ԱՅ․ ես Մխիթար, որդի Դեղկա, հրամանավ իշխանաց իշխանին /մեծին Պռաւշո/ եւ որդո իւրո պարոն Հասանա, շինեցի զգեաղւս զՄարտիրոսս եւ կանկեց/ի զխաչս ի դուռն ՍԲ․ վկայարանիս ի բարեխաւսութի․ ինձ ե/ւ ամուսնո իմո Մամերին/, եւ որդո իմո Խարիփշահին, եւ դստեր իմո Ռզուքանին։ ՔՍ․ ՅՍ կազմեցաւ ձեռամբ Շնհ /աւորիս․ի թվ․։ ՉԼԲ։ /1283/ որք ընթեռնուք Յիշեցեք ի տր»։
Ուսումնասիրողները գտնում են գյուղը, որը կառուցվել է Պռոշյանների հրամանով, ծառայել է որպես ամառանոց։ Նրանց հովանավորությամբ էլ գյուղում և նրա շրջապատում կառուցվել է մի քանի եկեղեցի։
Ուշագրավ են հատկապես վիմափոր եկեղեցիները, որոնք տեղավորված են գյուղից հարավ-արևելք, Նզար սարի ներսում՝ ստորգետնյա լեռան մեջ։
Գլխավոր եկեղեցին, ըստ արձանագրությունների, կոչվում է Սբ. Աստվածածին: Այն փորել է տվել Մաթևոս վարդապետը` 1286 թվականին:
Եկեղեցու հատակագիծը ներսից քառակուսի է (6 x 6), վերևից թաղակապ է, կենտրոնում` գմբեթային մասով, կարճ թմբուկով և բութ վեղարով:
Գմբեթի հիմքը քառակուսի է` առագաստներով: Պատերը ներսից հարթ են: Արևելյան պատի մեջ փորված է աբսիդ` մեծ բեմով, կամարակապ խորշի ձևով: Մուտքն արևմտյան կողմից է, որը բացվում է գավիթի մեջ, արևմտյան կողմից ունի մի փոքր լուսամուտ:
Երկրորդ եկեղեցին գտնվում է հարավային կողմից նախորդին կից և նրա հետ հաղորդակցվում է հատուկ դռնով: Սա ևս կենտրոնագմբեթ համակարգի կառուցվածք է` խաչաձև հատակագծով, ուղղանկյուն խաչթևերով:
Արևելյան խաչթևում շինված է ցածրիկ բեմ, որի երկու կողմերում հարավային և հյուսիսային խաչթևերի արևելյան պատերի մեջ փորված են մեկական խորաններ` կամարակապ խորշերի ձևով: Նման մեկական խորաններ էլ փորված են արևմտյան խաչթևերի հարավային և հյուսիսային պատերի մեջ` իրար դիմաց:
Գմբեթային մասը նույնպես հիմքում քառակուսի է` առագաստներով, կարճ թմբուկով և բութ վեղարով, կենտրոնում` փոքր, կլոր լուսանցքով` նախորդի նմանությամբ, բայց քիչ ավելի փոքր: Միակ փոքրիկ լուսամուտը արևելյան կողմից է` քարափի լանջից: Ըստ հարավարևելյան խորանի վերևում եղած արձանագրությունների` սա նույնպես կառուցվել է 1286թ-ին:
Մարտիրոսում է գտնվում նաև 1866 թ., կառուցված Ս. Աստվածածին եկեղեցին։ Եռանավ բազիլիկ կառույց է, չորս մույթերով, կիսաշրջան խորանով, երկու ավանդատնով։
Եկեղեցին հիմնովին վերկառուցվել է 1982 թ․։
Գրականության ցանկ
Հ․Կարապետյան, Վայոց ձորն ու նրա հուշարձանները, գ․ Մուսալեռ, 2012։
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002: