«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գործակցությամբ Պատմություն և հասարակագիտություն ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողները ճանաչողական պրակտիկայի շրջանակում ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում էին։
Պատմության և հասարակագիտության բաժնի ուսանողներին բացառիկ հնարավորություն էր տրվել տեսնելու «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մշակութային ժառանգության հարուստ ֆոնդերը, որտեղ պահվում են անվանի գիտնականների, ճարտարապետների, ոլորտի նվիրյալների անձնական արխիվներ, ձեռագրեր, հնագիտական, մարդաբանական նյութեր, հուշարձանների լուսանկարներ, չափագրություններ:
Ապագա պատմաբանները բացահայտել են վերականգնման լաբորատորիան, վերականգնողի մասնագիտությունը, թե ինչպես են մանր միավորները ամբողջացնելով ստանում հազարամյակների պատմություն ունեցող առարկաները։ Ինչպե՞ս են մաքրվում, վերականգնվում առարկաները, ո՞ր տարբերակով է առարկան ավելի ճիշտ վերականգնել և ներկայացնել ցուցադրության։
Տիգրան Զաքյան Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիայի բաժնի պետ
Այստեղ դուք տեսնում եք բեկորներից արդեն վերականգնված կավանոթներ։ Օրինակ՝ այս մեկը վերականգնված է, մի փոքր հատված դեռ ներկված չէ կարծքիները տարբեր են ներկել, թե չներկել թանգարանային առարկան, երկու տարբերակն էլ ընդունելի է։ Կարծիք կա սակայն, որ բաց մնացած գիպսային հատվածը կարող է այցելուի ուշադրությունը ամբողջապես գրավել իր վրա, հետևաբար ներկում են առարկան ամբողջությամբ։
Հարցերը շատ էին մասնագետների պատասխանները գոհացնող։
Ճանաչողական պրակտիկայի շրջանակում ուսանողներին բացառիկ հնարավորություն է տրվել տեսնելու նաև Օհանավանի ժայռափոր կառույցից հայտնաբերված գտածոները պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի մեկնաբանությամբ։
Աշոտ Փիլիպոսյան– Առաջին ուսանողներն եք, որ այս գտածոները տեսնում եք, սա ձիթաճրագ է, գտածոների սևացած եզրերը հուշում են, որ բոլորն էլ օգտագործվել են։ Գտածոները թույլ են տալիս ենթադրել նաև, որ հայտնաբերված կառույցը ճգնավորի խուց է։
Ուսանողների փայլող հայացքներին ի պատասխան Աշոտ Փիլիպոսյանը հայտնել է, որ գերազանաց առաջադիմության և լավ մասնագիտական պատրաստվածության դեպքում ուսանողները հնարավորություն կստանան համալրելու «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների շարքերը։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը և ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը օրեր առաջ համագործակցության հուշագիր են ստորագրել։ Հուշագրի համաձայն՝ համատեղ կկազմակերպվեն պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման և հանրահռչակման խնդիրներին նվիրված հանրապետական և միջազգային գիտաժողովներ, գիտակրթական սեմինարներ, կլոր սեղաններ և խորհրդակցություններ, իսկ որոշ կրթական ծրագրերի դեպքում ՀՊՄՀ-ն հաջողությամբ ավարտած ուսանողները կհամալրեն կազմակերպության աշխատակիցների շարքերը։