«Ագարակ» պատմամշակութային արգելոցը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Ագարակ և Ոսկեհատ գյուղական համայնքների վարչական տարածքներում, Ամբերդ գետի աջ ափին՝ հրաբխային տուֆե ելուստներից կազմված ժայռոտ հրվանդանի վրա: Հուշարձանի հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ բնակատեղիի ողջ տարածքը և շրջակայքն ամբողջությամբ պատված են ժայռափոր ու քարակոփ կառույցների հսկայածավալ համալիրներով, որոնց մեծ մասը շաղկապվում է Ագարակի վաղ բրոնզեդարյան բնակատեղիի հետ:
ՀՀ կառավարության 2001 թ. դեկտեմբերի 29-ի N 1305 որոշմամբ «Ագարակ» հնավայրին տրվել է արգելոց-թանգարանի կարգավիճակ: 2016 թ. նոյեմբերի 24-ի № 1204-Ն որոշմամբ «Ագարակ» պատմամշակութային արգելոցը ընդգրկվել է ՀՀ մշակույթի նախարարության /այժմ ԿԳՆՍՆ/ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմում: