ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ԱՆԻ. ՊԱՀԼԱՎՈՒՆՅԱՑ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ» ՊՐԱԿԸ

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ԱՆԻ. ՊԱՀԼԱՎՈՒՆՅԱՑ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ» ՊՐԱԿԸ

2013-06-12T20:07:30+00:00 12/06/2013|Լրահոս|

Հրատարակվել է «Անի. Պահլավունյաց եկեղեցիներ» պրակը: Ավելի վաղ `2011 թ. լույս էր տեսել նաեւ «Անիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ /Տիգրան Հոնենցի/ եկեղեցական համալիրը » պրակը: Երկու պրակների շնորհանդեսը կկայանա հունիսի 14-ին, ժամը 15-ին ՀՀ Ճարտարապետների միությունում: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտամոթոդական խորհրդի որոշմամբ տպագրված պրակները եզակի ձեռնարկներ են, որոնցում ներկայացված են հայկական ճարտարապետության պատմության գիտական ուսումնասիրության հիմանդիր, ճարտարապետ Թորամանյանի 20-րդ դարի սկզբին կատարած աշխատանքները: Մասնավորապես «Անի. Պահլավունյաց եկեղեցիներ» պրակում ներկայացվել են Թ. Թորամանյանի կատարած` Անիի Ս. Առաքելոց եկեղեցու եւ գավթի, Ս. Փրկիչ եւ Ս. Գրիգոր /Ապուղամրենց/ եկեղեցիների չափագրություններն ու վերակազմությունները: Ընտրված եկեղեցիների մեկենասներն են եղել հայկական Պահլավունյաց իշխանական տոհմի ներկայացուցիչները, որոնց հայրենանվեր գործունեության մասին հիացմունքով ու ակնածանքով է խոսել Թորամանյանը: Եկեղեցիներից յուրաքանչյուրն իր հորինվածքով ու հարդարանքով անփոխարինելի տեղ է զբաղեցնում հայկական ճարտարապետության գանձարանում: Ընթերցողին ներկայացվող գծագրական նյութերի մեծ մասը տպագրվում է առաջին անգամ: Պրակը կազմել են ՊՈԱԿ-ի ֆոնդերի բաժնի վարիչ Գ. Հովհաննիսյանը ու ճարտարապետ Գ. Ղաֆադարյանը: Այն լույս է տեսել 350 օրինակ տպաքանակով:

«Անիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ /Տիգրան Հոնենցի/ եկեղեցական համալիրը» պրակում ներկայացված են Թորամանյանի 20-րդ դարի սկզբին կատարած` Անիի Ս. Գրիգոր Լուավորիչ /Տիգրան Հոնենցի/ եկեղեցու, կից կառուցված սյունասրահի եւ մատուռի չափագրություններն ու լուսանկարները: Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին իր դասական համաչափությունների, բարձրարվեստ հարթաքանդակների եւ որմնանկաների շնորհիվ համարվում է Շիրակի ճարտարապեական դպրոցի լավագույն ավանդույթները կրող հուշարձաններից մեկը: Մինչ այժմ Թ. Թորամանյանի կատարած չափագրություններից միայն համալիրի հատակագիծն է ներկայացված մասնագիտական գրականության մեջ, մյուսները /ճակատներ, կտրվածքներ, ճարտարապետական մանրամասներ/ տպագրվում են առաջին անգամ: Անցած հարյուր տարվա ընթացքում հուշարձանը կրել է փոփոխություններ, եւ հուշարձանի նախնական վիճակը փաստագրված է միայն Թորամանյանի գծագրերում ու լուսանկարներում: Պրակը լույս է տեսել 300 օրինակ տպաքանակով, կազմել են` Ս.Առաքելյանը, Գ.Հովհաննիսյանը, Գ.Ղաֆադարյանը:

2008 թ. տպագրվել ու ընթերցողի դատին էր հանձնվել «Անիի մայր տաճարը» առաջին պրակը: Հրատարակված պրակների գիտական խմբագիրն անվանի ճարտարապետ Մուրադ Հասրաթյանն է: