Մեկնարկել են իշխան Չեսար Օրբելյանի պալատի պեղումները

Մեկնարկել են իշխան Չեսար Օրբելյանի պալատի պեղումները

ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի /14-րդ դ․/ պալատի և կից եկեղեցու տարածաքում հնագիտական աշխատանքներ են սկսվել։

Պեղումները իրականացնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը՝ պ․գ․թ․ Ավետիս Գրիգորյանի ղեկավարությամբ։

Հնագիտական աշխատանքները ֆինանսավորել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Պեղումների ավարտից հետո կպատրաստվի հուշարձանախմբի վերականգնման նախագիծը։

 

XIII-XIV դարերի քաղաքացիական ճարտարապետության լավագույն գործերից մեկի սյուների բեկորները և հսկա քանդակազարդ, ծաղկահյուս հիմքերը այսօր էլ  պահպանվում են:

Չեսարի դարպասի (Չեսարի ապարանք) վերաբերյալ վկայություններ են հասել դեռևս Ստեփանոս Օրբելյանի ուսումնասիրություններից։

Հայաստանում քիչ են պահպանվել նմանօրինակ իշխանական տները։

Իշխանական ապարանքը  բաղկացած է եղել երկու մասից` բուն տունը և դրա առաջին սրահը: Տունը ծածկված է եղել փայտյա գերաններով, որոնք հենվել են չորս քարե սյուների վրա:

Պահպանվել են այդ սյուների բեկորները,  քանդակազարդ, ծաղկահյուս հիմքերը, կամարակապ դռան երկու կողմերում գտնվող չորսական պատուհանները, որոնք նույնպես կամարակապ են և կարծես երկհարկ լինեն:

Վիմագիր արձանագրությունների մեջ հիշատակված է ինչպես Չեսար իշխանը, այնպես էլ նրա կին Խորիշահը:

Տունը կառուցված է եղել սրբատաշ կրաշաղախ քարով և պահպանվել մինչև XX դարի կեսերը: