Երևանի պետական համալսարանում մեկնարկել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո 2024 -ը»՝ նվիրված Մայր ԲՈՒՀ-ի հիմնադրման 105-ամյակին։
Կարիերայի տոնավաճառին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հատուկ տաղավարով է ներկայացել։
Ծառայության հրատարակությունները, մասնաճյուղ արգելոցները, արգելոց-թանգարանները, անցկացվող կրթական ծրագրերը բազմաթիվ այցելուների ուշադրության կենտրոնում էին։
Երևանի Կ. Դեմիրճյանի անվան հ. 139 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Զոհրապին հատկապես դուր է եկել միջնադարյան ասպազենի կրկնօրինակը, որը սիրով համաձայնվել է կրել, իսկ ապագայում դասարանով կայցելեն «Բջնի» պատմամշակութային արգելոց մասնակցելու անցկացվող կրթական ծրագրին։
«ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ն ընձեռում է բացառիկ հնարավորություն՝ մեկ հարկի տակ հավաքելով դիմորդներին, ուսանողներին, շրջանավարտներին, համալսարանական ստորաբաժանումներին և գործատուներին։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը բացման խոսքում շնորհավորել է ներկաներին, կարևորել է ԵՊՀ-ի դերը Հանրապետության տարբեր հաստատություններում բարձրակարգ մասնագետներ պատրաստելու գործում։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը
ԵՊՀ-ում սովորել են մարդիկ, ովքեր տեղ են գտել տարբեր կառույցների ղեկավար մարմիններում։ ԵՊՀ ազդեցությունը մեր երկրի զարգացման վրա աննկարագրելի է։ Այսօր արդեն երկրոդ տարին է, որ անցկացնում ենք «ԲանՈՒԳործ» էքսպոն, անցած տարի ունեցել ենք 20 000 այցելու ակնկալում ենք, որ այս տարի քանակը էլ ավելի է մեծանալու։
Կարիերայի տոնավաճառում Հայաստանի ավելի քան 45 կազմակերպություններ բանկային, կապի, սպասարկման, արտադրական, պետական ու մշակութային, գիտահետազոտական ոլորտներից այցելուներին ներկայացրել են առկա աշխատանքային հնարավորությունները, ընդունել մասնակիցների ինքնակենսագրականները։