ՀՀ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղից 24 կմ հարավ-արևելք գտնվում է 10-րդ դարում կառուցված Վանեվան վանական համալիրը։
Հայկական ճարտարապետության նախաանիական շրջանին բնորոշ հուշարձանը՝ կազմված է երկու գմբեթավոր եկեղեցուց և նրանց միջև կառուցված գավթից։
Եկեղեցու թմբուկի արևմտյան և հյուսիս-արևմտյան արձանագրության համաձայն Վանեվանի գլխավոր եկեղեցին, որը կոչվում է Սբ Գրիգոր Լուսավորիչ (ձախակողմյանը), կառուցվել է Իշխան Շապուհ Բագրատունու կողմից 903 թ.-ին, քրոջ՝ Սյունյաց իշխանուհի Մարիամի տեսչությամբ։
Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցված է կոպտատաշ բազալտով, իսկ կամարները և գմբեթը՝ տուֆով։ Ունի ներքուստ քառախորան, արևելքում՝ զույգ ավանդատներով հորինվածք։
Պատմիչ Ստեփանոս արքեպիսկոպոս Օրբելյանի վկայությամբ, Վանեվանում 914 թ․-ին թաղվել է Հայոց թագավոր Սմբատ Ա Բագրատունին, իսկ 980-ական թթ․ վանքը նորոգվել և, հավանաբար, երկու եկեղեցիների միջի գավիթը կառուցել է Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածի որդի Գագիկը։
Գմբեթավոր եկեղեցուց հարավ տեղավորված միանավ դահլիճից պահպանվել են միայն պատերը։
Երկու եկեղեցիների միջև արևելյան ճակատների ուղղությամբ, ավելի ուշ կառուցվել են երեք մատուռ, որոնց հետագայում հպվել է գավիթը։
Վերջինիս արևմտյան կողմում XVII-XVIII դդ․ կցակառուցվել են միաբանների խցերը։
Վանքի շինությունները նորոգվել է 1871-80 թթ․ Թեոդորոս Շիրակացու կողմից։
Վանեվան վանական համալիրը վերականգնվել է 1983-1985 թթ․։
Գրականության ցանկ
Քրիստոնյա Հայաստան, Երևան 2002։
Հայկական սովետական հանրագիտարան, հատոր III, Երևան 1985։