Բգավոր եկեղեցին գտնվում է Լոռու մարզի Աքորի գյուղում, Լալվար լեռան թեքադիր լանջին՝ «Բագեր» գյուղատեղիի հյուսիսարևելյան կողմի բարձրադիր հարթակում։
Հարավարևմտյան կողմի ցածր մասում փռված է հին գյուղատեղը մեծ թվով կացարանների մնացորդներով՝ «բագերով», որից և եկեղեցին ստացել է Բգավոր անվանումը:
Հուշարձանը չունի վիմական արձանագրություններ, նրա վերաբերյալ հայտնի չեն պատմական տեղեկություններ և հիշատակություններ։
Եկեղեցու ճարտարապետական հորինվածքը հիշեցնում է այս տարածաշրջանում գտնվող 13-րդ դարի Ախթալայի, Քոբայրի, Մանստևի, Սեդվու հուշարձանները, որը հնարավորություն է տալիս ենթադրել, որ Բգավորը պատկանում է այդ դարաշրջանին և բնորոշ է Զաքարյանների շրջանի հայ ճարտարապետությանը։
Ունի եռանավ թաղածածկ դահլիճի հորինվածք արևելքում կիսաշրջան խորանով կից՝ երկհարկ ավանդատներով։
Մուտքերը երեքն են՝ հարավային, արևմտյան և հյուսիսային։
Կառուցված է սրբատաշ բազալտ քարով։ Արևելյան ճակատը մշակված է եռանկյունաձև հատվածի խորշերով, մուտքերը և պատուհանները եզերված են քանդակազարդ պարակալներով։
Եկեղեցին կիսավեր է։ Ծածկը թաղակամարներից բացի քանդված է, պատերը կիսաքանդ են։
Գրականություն
Շախկյան Գ․, Լոռի․ պատմության քարակերը էջերը, Երևան 1986։