Ձագավանք վանական համալիրը, գտնվում է ՀՀ Կոտայքի մարզի Առինջ գյուղի արևելքում՝ փոքր բլրի լանջին, Գետարգել գյուղից հարավ, գերեզմանոցի մոտ։ Գետարգել գյուղին մոտ լինելու պատճառով էլ վանքը հայտնի է նաև Գետարգելի Սուրբ Նշան անվամբ։
Վանական համալիրը բաղկացած է VII դ․ կառուցված Սբ Նշան եռախորան, արևմուտքում ուղղանկյուն խաչաթևով գմբեթավոր եկեղեցուց, կից մատուռներից, XIII դ․ զանգակատնից և միաբանության շենքից։ Համալիրի տարածքում առկա են XII-XVII դդ․ մեծաքանակ արձանագիր ու գեղաքանդակ խաչքարեր։ Վանքը եղել է միջնադարյան հայ գրչության նշանավոր կենտրոն։ Ավերվել է 1679 թ․ երկրաշարժից, սակայն մինչև XX դ․ գոյատևել է որպես գործող վանք՝ ունենալով բազմաթիվ կալվածքներ, ջրաղացներ, Երևանում՝ այգիներ։ Այստեղ է պահվել Գետարգելա Սբ Նշանը՝ Քրիստոսի խաչափաայտի մասունքը, որն այժմ գտնվում է Մայր Աթոռ Սբ Էջմիածնում և մյուռոնօրհնության ժամանակ կաթողիկոսը առաջինը նրանով է օրհնում Ս․ Մյուռոնը։
1974 թ․ եկեղեցին վերակառուցվել է տեղացիների կողմից։