ՇԽՄՈՒՐԱԴ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

ՇԽՄՈՒՐԱԴ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

2013-08-28T11:15:26+00:00 17/06/2013|Տավուշի Հուշարձաններ|

ՇԽՄՈՒՐԱԴ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

Տավուշի մարզ
Ծաղկավան գյուղի մոտ
պետ. ցուցիչ` 10.38.16

Համալիրը գտնվում է Ծաղկավան գյուղից 6-7 կմ հարավարևելք` Վարագաջուր գետի ձախափնյա գեղեցիկ հովտում:

Միջնադարում Շխմուրադ վանական համալիրը եղել է նշանավոր մշակութային և լուսավորչական կենտրոն, ուխտատեղի: Դժբախտաբար քիչ ուսումնասիրված վանքերից է:

Վանական համալիրը կառուցվել է XII-XIII դդ.: Բաղկացած էր եկեղեցուց, գավթից, ժամատնից և մատուռից: Ուներ նաև միաբանների խցեր և պարիսպ:

Ս. Աստվածածին եկեղեցի -կառուցվել է 1181-1184 թթ., սպիտակ ֆելզիտից: Հորինվածքով գմբեթավոր դահլիճ է` զույգ որմնամույթերով: Եկեղեցին հատակագծում արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև կառույց է: Տանիքի խաչաձև դասավորված սագերի կենտրոնում բարձրանում է ութանիստ գմբեթը: Խորանի երկու կողմերում կան երկհարկանի փոքրիկ ավանդատներ: Եկեղեցին ունի երկու մուտք, որոնցից գլխավորը` արևմտյանը, բացվում է ժամատան մեջ, իսկ հարավայինը` գավթի մեջ:

Գավիթ – կից է եկեղեցու հարավային որմին: Հատակագծում քառանկյուն դահլիճ է: Արևմուտքից և արևելքից գավթի սեփական պատամասերը շարունակությունն են ժամատան արևելյան պատամասի և մատուռի (“Խորանիկ”) արևմտյան պատի: Գավթում գտնվում է մի խաչքար, որն ունի 1619 թ. արձանագրություն:

Ժամատուն – կառուցված է եկեղեցու արևմտյան ճակատին կից: Մուտքը հարավային պատի արևմտյան ծայրին է: Կտուրը ծածկված է հողի շերտով, երդիկի բացվածքի վերին շարքերի քարերը և հյուսիսարևմտյան անկյան թաղը քանդված են:

Մատուռ («Խորանիկ») – տեղադրված է եկեղեցու հարավային պատի արևելյան ծայրին, գավթի արևելյան պատի միացման անկյունում:

Պահպանվել են եկեղեցու, գավթի և ժամատան որմերին փորագրված արձանագրությունները: Եկեղեցու արևելյան և արևմտյան ճակատների արձանագրությունները թվագրված են 1248 թ. և 1264 թ., իսկ մատուռի մուտք ճակատաքարի վրա պահպանվել է ոմն Տեր Գրիգորի 1149 թ. շինարարական արձանագրությունը:

Ոմանք Շխմուրադ վանքը նույնացնում են պատմական Գետակից վանքին:Վանքից արևելք, ոչ հեռու, կան գյուղատեղի և Շխմուրադ անվանումով գերեզմանատուն:

Այսօր այս հիասքանչ համալիրն ընդգրկված է առավել վթարային հուշարձանների ցուցակում:

Հիմնական գրականություն

«Էջմիածին», 1956 թ., N 3, 1980 թ., N 12:

Հայստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2, Եր., 1988: