2018 թվականն էր, երբ տիկին Ժաննան առաջին անգամ որպես հուշարձանի պահապան շրջեց մայրաքաղաքում, մինչ այդ Տավուշում էր, ամուսնու՝ Սեյրան Դովլաթբեկյանի հետ, միասին հսկում ու պահպանում էին տավուշյան չքնաղ բնության մեջ ծվարած հուշարձանները։
Ժաննա Վարդանյան ՊՄՊ Երևանի մարզային ծառայության հուշարձանի պահապան
Բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով շուրջ 7 տարի պահպանել ենք Տավուշի մարզի հուշարձանները, ամուսինս ծառայության պետ էր, ես՝ պահապան։ Նորահայտ հուշարձաններ էլ ենք հայտնաբերել։ Այդ օրերը իմ կյանքի լավագույն հուշերն են արթնացնում։
Երևանից Տավուշ ու հակառակ ուղղությամբ տեղափոխությունը միակ չէր հուշարձանապահպան զույգի կյանքում։ Տավուշից հետո Կոտայքում են սկսել գործունեությունը, այնուհետև Երևան։
Ժաննա Վարդանյան ՊՄՊ Երևանի մարզային ծառայության հուշարձանի պահապան
Հուշարձանների հանդեպ սիրով դարձյալ շարունակեցի աշխատանքս, այս անգամ Երևանի մարզային ծառայությունում։Դժվարությունը հիմնականում այն էր, որ մայրաքաղաքում գտնվող պատմական շենքերի մի մասը նաև օգտագործվում են ու դրանով իսկ դժվարանում է աշխատանքը։
Երևանում տիկին Ժաննայի պահպանության տակ են Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր վարչական շրջանների հուշարձանները։
Ժաննա Վարդանյան ՊՄՊ Երևանի մարզային ծառայության հուշարձանի պահապան
Իմ պահպանության տակ է 50-ից ավելի հուշարձան, որոնցից են՝ «Հաղթանակ» հուշահամալիրը, Արաբկիր վարչական շրջանում «Մուսա-կիբեռնետիկա» հուշարձանը, Դալմայի ջրանցքը, Քանաքեռի Կենտրոնական գերեզմանոցը։
Հուշարձանների շարքը երկար կարելի է շարունակվել, սակայն տիկին Ժաննայի մտքին և հոգուն ավելի մոտ է ՝ Քանաքեռի Կենտրոնական գերեզմանոցի տարածքում գտնվող Պետևանի որմնափակ խաչքարը։
Ժաննա Վարդանյան ՊՄՊ Երևանի մարզային ծառայության հուշարձանի պահապան
Իմ մտքերը հանդարտվում են, հոգիս խաղավում է, երբ այս վայր եմ այցելում։
Քանաքեռ Զեյթուն, Արաբկիր վարչական շրջաններում ապօրին գործողություններ որպես կանոն չեն արձանագրվում։ Շրջայցեր հաճախ է իրականացնում, շփվում մարդկանց հետ, հետաքրքիր զրույցներ ունենում․
Ժաննա Վարդանյան ՊՄՊ Երևանի մարզային ծառայության հուշարձանի պահապան
Հերթական շրջայցի համար դուրս էի եկել, քայլում էի Կոմիտասի պողոտայով, հասա այն վայրը, որտեղ Կոմիտասի կիսանդրին է տեղադրված, այն մեր ցանկում դեռ ներառված չէ։ Ուսումնասիրում էի, ինձ մոտեցավ մի երիտասարդ և ասաց, որ անավարտ կիսանդրին հուշարձանների պահպանության ցանկում ներառված չէ և շատ կուզենա ցանկում տեսնել։ Ոլորտից չէր, սակայն քաջատեղյակ էր։
Նման դեպքեր հաճախ են լինում մարդիկ մոտենում են սրտացավորեն կիսվում։ Վստահորեն կարող եմ ասել Երևանի հին բնակիչները, քաջ գիտեն ամեն հուշարձան, դրա պատմությունը և սրբորեն պահում են։
Տիկին Ժաննան ևս ոլորտի նվիրյալներից է, ով ոչ միայն տարիների փորձով է դա ապացուցել, այլ նաև սրտացավ աշխատանքով։
Ժաննա Վարդանյան ՊՄՊ Երևանի մարզային ծառայության հուշարձանի պահապան
Կարելի է ասել այս աշխատանքն իմ կյանքի մի մասն է՝ քայլում ենք, շփվում, անվերջ բացահայտում իմացածով կիսվում, հոգ տանում ու պահում ամենաթանկը՝ մեր պատմության քարեղեն վկաներին։
Զրույցի օրը ևս տիկին Ժաննան շրջայցի էր շտապում՝ կատարելու սիրելի աշխատանքը, ետդարձին աչքաթող չանելով Պետևանի որմնափակ խաչքարը։