ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

2018-03-29T15:58:36+00:00 02/09/2013|Շիրակ, Լրահոս|

Շիրակի մարզային գրադարանում` մարզկենտրոն Գյումրիում, բացվել է Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող հուշարձանների լուսանկարների ցուցահանդեսը: Դա կազմակերպվել է «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումների շրջանակում եւ կտեւի մինչեւ սեպտեմբերի 10-ը: Ներկայացվել են հանրապետության տարբեր մարզերի 55-ից ավելի հուշարձանների լուսանկարներ: Գյումրու գրադարանի տնօրեն Գեւորգ Ամիրյանը իր խոսքում կարեւորելով համագործակցությունը ՊՈԱԿ-ի եւ նրա մասնաճյուղ Շիրակի ՊՄՊ մարզային ծառայության հետ, նշեց, որ սա համատեղ կազմակերպված երրորդ միջոցառումն է: «Նպատակը հասարակության լայն զանգվածին մեր մշակույթին, դարավոր ժառանգությանը հաղորդակից դարձնելն է» , – ասաց Գ. Ամիրյանը:

Նշենք, որ գրադարանը տեղակայված է պատմամշակութային հուշարձանի շենքում եւ միջոցառման անցկացումը հենց այդտեղ նաեւ յուրօրինակ խորհուրդ էր կրում:

ՊՈԱԿ-ի Շիրակի ՊՄՊ մարզային ծառայության պետ Ավետիք Մելիք-Սարգսյանի փոխանցմամ` շատ կարեւոր է եվրոպական մշակութային ժառանգության համատեքստում հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնելն ու հանրահռչակելը: Մեր մշակույթը մեր հարստությունն է, եւ, դա ճանաչելուց ու պահպանելուց զատ, պետք է կարողանանք նաեւ հնարավորինս շատ հանրահռչակման ուղղությամբ աշխատանքներ տանել:

Միջոցառման ավարտին ՊՄՊ մարզային ծառայության ղեկավարն անցկացրել է «Հայրենի հուշարձանները» ճանաչողական խաղ-վիկտորինա, որին մասնակցել են ուսանողներ, դպրոցականներ:

Ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվել մշակույթի ոլորտի գործիչներ, ուսանողներ, ընթերցողներ, զբոսաշրջիկներ: