ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ` ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ` ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

2018-03-29T16:00:18+00:00 23/09/2013|Տավուշ, Լրահոս|

Անկախության օրվա առիթով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության ջանքերով, «Եվրոպական ժառանգության օրերր» միջոցառումների շրջանակներում, Բերդի մշակույթի տանը կազմակերպվել է «Դիլիջանը` նկարիչների աչքերով» գեղանկարների շրջիկ ցուցահանդես: Հանրության դատին են ներկայացվել նաև տեղացի մի շարք գեղանկարիչների աշխատանքներ, մասնավորապես ցուցադրվել են Միշա Հովհաննիսյանի,Անուշ Մելիքյանի, Լեսինգ Աղաքարյանի աշխատանքներ: Ներկաներն ընդգծել են, որ միջոցառումը շատ լավ նվեր էր ոչ միայն անկախության օրվա, այլ նաեւ` դպրոցականների մշակութային նոր գիտելիքների համալրման առումով:

Նույն օրը նաեւ տիկնիկային ներկայացում է ցուցադրվել` թանգարանային գործունեության թեմայով: Համայնքի հանրակրթական դպրոցների սաներն ու մանկապարտեզի երեխաները մեծ ոգեւորությամբ են դիտել բեմադրությունը: Դա կազմակերպել էին «Երիտասարդ Տավուշ» եւ «Հայաստանի Երիտասարդ կանանց Ասոցիացիա» Հ/Կ-ները: Վերջիններս բարեգործական դրամաշնորհի շրջանակներում մարզում իրականացնում են «Վերածնունդ. նոր ճանապարհ թանգարաններին» ծրագիրը: Դրանում ընդգրկված են Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահը, Կողբի պատմության թանգարանը, Իջևանի երկրագիտական թանգարանը և այլն: Ծրագիրը կնպաստի թանգարանների գործունեությանը եւ հասարակության իրազեկվածության բարձրացմանը, քանի որ մարզում գործող թանգարանների համար կարեւոր խնդիր է տեղի բնակչության սերտ կապի, կրթական հաստատություն-թանգարան գործակցության ամրապնդումը: Առաջիկայում կհրատարակվի Բերդի տարածաշրջանի զբոսաշրջային քարտեզը` տարածքի հուշարձանների մասին տեղեկատվությամբ: