ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՀԱՄԱԽՄԲԵԼ ԷՐ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏԻ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՀԱՄԱԽՄԲԵԼ ԷՐ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏԻ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ

2013-09-30T14:58:48+00:00 30/09/2013|Լրահոս|

«Պատմամշակութային ժառանգության պահպանման հիմնախնդիրները» թեմայով գիտաժողովը սեպտեմբերի 25-27-ը Երեւանում համախմբել էր Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից, Լեհաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Սիրիայից ու այլ երկրներից ժամանած մշակութային ոլորտի ճանաչված գիտնականների: Միջոցառումը նախաձեռնել էր «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը` կառույցի հիմնադրման 25-ամյակի շրջանակներում: ՊՈԱԿ-ի տնօրեն Վլ. Պողոսյանը բացման խոսքում հանգամանալից անդրադարձավ կազմակերպության ստեղծմանը, անցած դժվարին ուղուն եւ այն նվիրյալների ներդրած ավանդին, ովքեր կանգնած են ակունքներում:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության միացյալ դիրեկցիայի հիմնադիր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լավ¬րենտի Բարսեղյանի, երկարամյա տնօրեն Սերժ Առաքելյանի, այլոց ջանքերի շնորհիվ հիմնվեց մի կառույց, որը խնդիր ուներ միավորելու հուշարձանների հիմքով նախկինում ստեղծված թանգարանները, դրանք վերածելու արգելոց-թան¬գարանների, համակարգելու հուշարձանների վերաբերյալ եղած գիտատեղեկատվական նյութերը, փաստաթղթերը, հետա¬զոտությունները, կազմակերպելու հուշարձանների պահպա¬նությունը, ուսումնասիրումը, օգտագործումն ու հանրա¬հռչակումը: Կառույցը հիմնադրման պահին մասնաճյուղերի կարգավիճակով միավորեց հանրապետության տարբեր շրջանակներում հուշահամալիրների հիման վրա ստեղծված շուրջ 33 պատմամշակութային արգելոցների և արգելոց-թանգարանների գործունեությունը» , -իր խոսքում մասնավորապես նշեց պրն Պողոսյանը: Միջազգային ոլորտում մեր մշակութային ժառանգության հանրահռչակմանն ուղղված քայլերից նա առանձնացրեց «Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարանը» ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելը եւ «Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանին» ` 2011 թ. մշակութային լանդշաֆտների պահպանության և կառավարման բնագավառում «Մելինա Մերկուրի» (ՅՈՒՆԵՍԿՕ-Հունաստան) անվանումը կրող միջազգային մրցանակի շնորհումը: ՊՈԱԿ-ի տնօրենը շեշտեց նաեւ միջազգային կապերի սերտացումը, մասնավորապես` Ռուսաստանի եւ Լեհաստանի գործընկերների հետ, վստահեցրեց, որ անցած տարիների ձեռքբերումներն ամուր հիմք են մշակութային ժառանգության պահպանման, կառավարման ոլորտում առկա բազմաթիվ հիմնախնդիրների լուծման համար եւ 25-ամյա երիտասարդ կառույցը բավականաչափ ներուժ ունի:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի շնորհավորական ուղերձում, որը հրապարակեց նախարարի խորհրդական Վահան Եղիազարյանը, մասնավորապես ասված էր. «Անցած 25 տարիներին կառույցը պատվով է կատարել իր առջև դրված դժվարին խնդիրները ու այսօր էլ շարունակում է իր արգասաբեր գործունեությունը: Վերջին տարիներին նկատելի է մշակութային ժառանգության արժևորման և մեկնաբանման, հանրահռչակման գործունեության կատարելագործման, գիտական հիմքերի վրա կառուցման կազմակերպության ակտիվ ձգտումները, որի առհավտչյան է «ճանաչե´նք, պահպանե´նք, ժառանգե´նք» կարգախոսով պատմամշակութային ժառանգության հիմնախնդիրներին նվիրված ներկա գիտաժողովի կազմակերպումը՝ ի նշանավորում սեփական անցած և անցնելիք ուղու: Ողջունելի է, որ կազմակերպությունը մշակութային ժառանգության կառավարման մեխանիզմների, արդի մոտեցումների մշակումը տեսնում է միջազգային համագործակցության և առաջադեմ փորձի կիրառման համատեքստում, իր գործունեությունն էլ կատարում է գիտական հենքի վրա»:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին ՌԴ Դ.Լիխաչովի անվան մշակութային եւ բնական ժառանգության ռուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ Սերգեյ Ժիտենյովը, Ուկրաինայի մշակույթի նախարարության հուշարձանապահպան հետազոտությունների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Աննա Զվիրյական, Վարշավայի համալսարանի հնագիտության ինստիտուտի մերձավոր-արեւելյան հնագիտության գործակալության պետ Պյոտոր Բելինսկին, ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը, այլք: Բարձր գնահատելով կազմակերպության անցած ճանապարհը, նրանք կարեւորեցին մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված ծրագրերը, միջազգային կառույցների հետ գործակցության սերտացումը, համատեղ հարցերի շուրջ գիտական քննարկումների կազմակերպումն ու դրանց լուծման ուղիները գտնելը: ՊՈԱԿ-ի աշխատակազմին նրանք մաղթեցին նորանոր ձեռքբերումներ դժվարին ու պատասխանատու աշխատանքում:

Գիտաժողովի մասնակիցներին ողջույնի խոսքեր էին հղել նաեւ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Մոսկվայում ՅՈՒՆԵՍԿՕ-յի գրասենյակի տնօրեն Դենդեւ Բադարչը, ՌԴ կադրերի պատրաստման կենտրոնական ինստիտուտի, անկախ գնահատողների, ուսումնամեթոդական կենտրոնի ղեկավար Մարտիկ Գասպարյանը,այլք: ՊՈԱԿ-ի 25-ամյակի առիթով շնորհավորագիր էր հղել նաեւ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

ՊՈԱԿ-ի 25 ամյա տարեդարձի առիթով տնօրեն Վլ. Պողոսյանը պարգեւատրվեց Արցախի կառավարության «ԼՂՀ անկախության 25-ամյակի» եւ Վարշավայի համալսարանի հնագիտության ինստիտուտի հուշամեդալներով: Գիտաժողովին մասնակից ռուսաստանցի, ուկրաինացի ու լեհ գործընկերներն էլ մասնագիտական գրականություն նվիրեցին ՊՈԱԿ-ին:

Գիտաժողովի ավարտին մասնակիցները բանաձեւ ընդունեցին: Գիտաժողովի օրերին Մատենադարանի կենտրանական մուտքի մոտ Փակ շուկայի խնդրին վերաբերող բողոքի ակցիա էին կազմակերպել «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» քաղաքացիական շարժման ակտիվիստները: ՊՈԱԿ-ի տնօրեն, կազմկոմիտեի նախագահ Վլադիմիր Պողոսյանը հանդիպեց բողոքավորների հետ, պատասխանեց նրանց հարցերին, ավելի ուշ, ինչպես խոստացել էր ակցիայի մասնակիցներին, նրանց հայտարարության տեքստը հրապարակեց գիտաժողովի ընթացքում: Քննարկելով հնչած տեսակետները գիտաժողովի մասնակիցներն արձանագրեցին, որ խնդիրը կարող է դիտարկվել իրավական հարթության մեջ: ՊՈԱԿ-ի տնօրեն Վլ. Պողոսյանն էլ հավելեց, Փակ շուկայի հարցով ՀՀ մշակույթի նախարարը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն:

Գիտաժողովի ավարտին հաճելի անակնկալ էր սպասվում մշակույթի ոլորտում իրենց ավանդը ներդած մի շարք անձանց: Մշակույթի նախարարի պատվոգրերին արժանացան ՌԴ ճարտարապետության միջազգային ակադեմիայի անդամ Կարեն Բալյանը, Դ. Լիխաչովի անվան մշակութային եւ բնական ժառանգության ռուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ Պավել Շուլգինը, ՌԴ կադրերի պատրաստման կենտրոնական ինստիտուտի, անկախ գնահատողների, ուսումնամեթոդական կենտրոնի ղեկավար Մարտիկ Գասպարյանը, Գրոդնոյի Յանկա Կուպալայի անվան պետական համալսարանի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ Իգոր Մարտինենկոն: ՊՈԱԿ-ի տնօրինության կողմից էլ` 25 ամյակի առիթով պատվոգրերի ու շնորհակալագրերի արժանացան «Պահպանության ծառայության» մի խումբ աշխատակիցներ: