ԼՂՀ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ՍԵՐՏԱՑՆՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

ԼՂՀ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ՍԵՐՏԱՑՆՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

2013-12-02T10:56:17+00:00 02/12/2013|Լրահոս|

ԼՂՀ զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության մի խումբ ներկայացուցիչներ հյուրընկալվել են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում: Անկաշկանդ ու ջերմ միջավայրում քննարկվել են հուշարձանների պահպանության ոլորտին առնչվող հարցեր: ՊՈԱԿ-ի տնօրեն Վլ. Պողոսյանը հյուրերին ներկայացրել է ՊՈԱԿ-ի կառուցվածքը, գործառույթներն ու ձեռքբերումները: Առանձնակի շեշտվել են «Գառնի» եւ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարաններում վերջին տարիներին իրականացված աշխատանքները: «Գառնին» ու «Զվարթնոցն» այսօր արդեն գիշերային լուսավորություն ունեն, Գառնիի դեպքում դա լուսային էֆեկտներով է: «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում էլ անցյալ տարի բացվել է նոր ցուցադրություն, / վերջին անգամ արգելոց-թանգարանում ցուցադրություն եղել էր 1990 թ./: Նախորդ տարի նոր ցուցադրություն է բացվել նաեւ «Դիլիջանի ժողովրդական ճարտարապետության արգելոց-թանգարանում», -իր խոսքում ասաց Վլ. Պողոսյանը: Նա անդրադարձավ նաեւ Զորաց քարերի, Լոռի Բերդի, Գոշավանքի խնդիրներին, նշելով, որ շենքային պայմանների բարելավման անհրաժեշտություն կա եւ ՊՈԱԿ-ն առաջիկայում հետամուտ է լինելու այդ հիմանխնդրի լուծմանը:

ԼՂՀ զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը, ներկայացնելով իր ղեկավարած կառույցն ասաց, որ խնդիրներ շատ կան, բայց ձեռքբերումներն էլ քիչ չեն: Մասնավորապես, նշանավոր «Տիգրանակերտ» պատմամշակութային արգելոց-թանգարանից բացի, ԼՂՀ-ում արդեն եւս երկու արգելոց թանգարաններ են ստեղծվել: Նրա համոզմամբ, հուշարձանների պահպանության ոլորտում այսուհետ ՀՀ եւ ԼՂՀ մասնագետների գործակցությունը առավել արդյունավետ կլինի ու նպաստի ընդհանուր խնդիրների միասնական լուծմանը: Ս. Շահվերդյանի խոսքով, գործակցություն կողմերի միջեւ միշտ էլ եղել է, սակայն, առաջիկայում ստորագրվելիք փաստաթուղթը պաշտոնապես կամրագրի նոր որակ ու հայտ` հետագա համատեղ ձեռքբերումների համար: