ՎԼ. ՊՈՂՈՍՅԱՆ. «ՍՐՃԱՐԱՆԸ ԿԳՏՆՎԻ ՏԱՃԱՐԻՑ ` ԲՈՒՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔԻՑ ՇՈՒՐՋ 90 ՄԵՏՐ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ»

ՎԼ. ՊՈՂՈՍՅԱՆ. «ՍՐՃԱՐԱՆԸ ԿԳՏՆՎԻ ՏԱՃԱՐԻՑ ` ԲՈՒՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔԻՑ ՇՈՒՐՋ 90 ՄԵՏՐ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ»

2013-12-13T15:10:40+00:00 13/12/2013|Լրահոս|

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում այսօր տեղի է ունեցել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն, Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի անդամ Վլադիմիր Պողոսյանի մամուլի ասուլիսը` «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տեղադրվելիք սրճարանի մասին: ՊՈԱԿ-ի տնօրենը հանգամանալից ներկայացրել է նախաձեռնության հետ կապված ծրագրերը, պատասխանել հարցերին: Սոցիալական ցանցերում եւ որոշ ԶԼՄ-ներում մասնավորապես շահարկվել էր, որ սրճարանը կառուցվելու է տաճարի` բուն հուշարձանի տարածքում: Վլ. Պողոսյանը հերքել է ապատեղեկատվությունը, շեշտելով, որ, նախ դա չի կառուցվելու, այլ տեղադրվելու է մետաղական ամրակների վրա` անջրաթափանց ծածկով: ՊՈԱԿ-ի տնօրենի խոսքով` սեզոնային բացօթյա սրճարանը կգտնվի տաճարից ` բուն հուշարձանի տարածքից շուրջ 90 մետր հեռավորության վրա: Տեղանքի ուսումնասիրման արդյունքում սրճարանի կազմակերպման համար ընտրվել է բարձունքի վրա գտնվող տեղանք, որում առկա է շուրջ 70-90 սմ բարձրությամբ հենապատ: Նախագծային առաջարկությունը ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի նիստում, որի կազմում ընդգրկված են հեղինակավոր մասնագետներ, այդ թվում` հնագետներ, քննարկվել եւ դրական եզրակացության է արժանացել դեռ 2009 թ. սեպտեմբերին: Նա շեշտեց, որ տարածքը նախապես ուսումնասիրվել է նաեւ հնագետների կողմից: Տրվել է համապատասխան կարծիք մշակութային շերտի բացակայության մասին:

Ի դեպ, «Պատմության ու մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության օգտագործման մասին օրենքի» համաձայն, հուշարձանների պահպանական գոտիներում հողային, շինարարական եւ այլ տեսակի աշխատանքների, ինչպես նաեւ տնտեսական գործունեության իրականացումը կատարվում է լիազորված մարմնի թույլտվությամբ: ՊՈԱԿ-ի տնօրենի խոսքով, իր հերթին հուշարձանի օգտագործումը տնտեսական եւ այլ նպատակներով / նույն օրենքի 38-րդ հոդվածի համաձայն/, թույլատրվում է, եթե այդպիսի օգտագործումը համապատասխանում է հուշարձանի բնույթին, չի վնասում հուշարձանի անվթարությանը, չի նսեմացնում կամ աղճատում դրա պատմական, գիտական եւ գեղարվեստական արժեքը:

2009թ-ին Գառնու տաճարի տարածքում գեղարվեստական լուսավորության ու ռադիոֆիկացման համակարգեր տեղադրվեցին ու Գառնին նորովի ներկայացավ հանրությանը` այցելուներին հնարավորություն ընձեռնելով երեկոյան ժամերին եւս վայելել պատմամշակութային հուշարձանի գեղեցկությունը, յուրովի ընկալել այն ձայնի ու լույսի խորհրդում: Գիշերային լուսավորության համար ՀՀ մշակույթի նախարարութունը պետ բյուջեից շուրջ 35 մլն դրամ հատկացրեց: Այս համատեքստում նոր նախաձեռնության կյանքի կոչումը եւս ի նպաստ կլինի զբոսաշրջության զարգացման հարցում:
Նշվեց, որ Գառնիում մշակութային միջոցառումներ ներկայում կազմակերպվում են ցերեկային ժամերին: Նախատեսվում է , որ առաջիկայում դրանք նաեւ երեկոյան ժամերին կլինեն եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, զբոսաշրջիկները մշակութային միջոցառումների ականատես կլինեն նաեւ երեկոյան:

«Մի՞թե հաճելի չի լինի զբոսաշրջիկին հիանալ Գառնիու տաճարի գեղեցկությամբ ու մի բաժակ թեյ խմել », -ասաց Վլ. Պողոսյանը, հավելելով, որ սրճարանում մատուցվելիք ուտելիքը խիստ սահմանափակ կլինի`սուրճ, թեյ, բուտերբրոդներ:
Լրագրողներին ներկայացվեց նաեւ ՌԴ, Լեհաստանի, Բուլղարիայի, Հունաստանի, մերձբալթյան եւ այլ երկրների փորձը, որտեղ արգելոց-թանգարանների մերձակայքում եւս սրճարաններ կան:

Աշխատանքների կազմակերպումը եւ վերահսկողությունը կիրականացնի ՊՈԱԿ-ը` «Գառնի » պատմամշակութային արգելոց-թանգարանի մասնաճյուղի միջոցով: Սրճարանի տեղադրմանը ֆինանսական աջակցություն կցուցաբերի բարերար ՌԴ-ից, սակայն, նա որեւէ մասնակցություն չի ունենա աշխատանքների հետագա ընթացքի կազմակերպման կամ այլ հարցերում:

Ի դեպ, ՊՈԱԿ-ի կանոնադրությամբ` կազմակերպության լրացուցիչ ֆինանսական աղբյուրները գոյանում են բարեգործական ծրագրերից, ՀՀ եւ օտարերկրյա կազմակերպությունների, քաղաքացիների նվիրատվություններից:

Հասույթից ստացված եկամուտներն էլ ՊՈԱԿ-ի տնօրինությունը կնպատակաուղղի դեպի տաճար տանող բազալտե սալահատակի, հուշարձանի տարածքի բարեկարգմանը, հեթանոսական տաճարի բեկորների ցուցադրության կազմակերպմանը, տաճարի բաղնիքի խճանկարի վերականգնմանը:

ՊՈԱԿ-ի տնօրինությունը 2013 թ. նոյեմբերին, երկու անգամ Գառնի համայնքի ղեկավարին ծանուցել է նախատեսվող աշխատանքների մասին: Գյուղապետը մամուլում հայտարարություններ էր արել, թե մերժում է ՊՈԱԿ-ի ուղարկած գրությունը: Վլ. Պողոսյանը, հղում անելով օրենքի տառին, պարզաբանեց, որ Գառնու գյուղապետ Ա. Վարդանյանի ներկայացրած պատասխանը անհիմն է եւ ոչ իրավաչափ: Նրա խոսքով, անհրաժեշտության դեպքում, օրենքով սահմանված կարգով քայլեր կձեռնարկվեն:

Այժմ սրճարանի տարածքում սահմանված կարգով բարեկարգման, փոքր ճարտարապետական ձեւերի նորոգման եւ առանձին մասերի փոխարինման աշխատանքներ են իրականացվում: ՊՈԱԿ-ի տնօրինությունը առաջիկայում, եղանակային պայմանների բարելավման դեպքում, սահմանված կարգով կձեռնարկի սրճարանի տեղադրման աշխատանքները: Բացումը նախատեսվում է գալիք տարվա մայիսին: