«ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ՀՈՒՇԱՄԵԴԱԼ ԲԵՐԴԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻՆ

«ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ՀՈՒՇԱՄԵԴԱԼ ԲԵՐԴԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻՆ

2014-02-25T16:17:47+00:00 25/02/2014|Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության եւ Բերդի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, փետրվարի 22-ին միջոցառում էր կազմակերպվել սահմանամերձ Բերդում: Երաժշտական դպրոցի դահլիճում հավաքվել էին արվետստասերներ, մշակութային ոլորտի մարդիկ, զինվորականներ, դպրոցականներ: Պարույր Սեւակի ծննդյան 90-ամյակին նվիրված միջոցառմանը ներկայացվեցին բանաստեղծի ստեղծագործությունները, սեւակյան թեմաներով գրված երգեր, ասմունք եւ այլն: Երաժշտական դպրոցի նախասրահում բացվել էր նաեւ անվանի գեղանկարիչ Արա Աբգարյանի աշխատանքների ցուցահանդեսը /շուրջ 40 նկար/:
Միջոցառմանը հրավիրված «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանի գնահատմամբ, Սեւակի 90-ամյակին նվիրված հանդիսությունը ոչ նյութական մշակույթի պահպանման յուրօրինակ դրսեւորում է: «Բերդի տարածաշրջանի բնակիչները ոչ միայն սահման են պահում, այլեւ` մշակութային ժառանգությունը», իր խոսքում նշեց ՊՈԱԿ-ի տնօրենը:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենը Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանին` հայրենի հուշարձանների և մշակութային ժառանգության պահպանության ասպարեզում ունեցած ավանդի համար ՊՈԱԿ-ի պատվոգրով պարգևատրեց, նրան հանձնվեց նաեւ ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալը:

Տավուշի պատմության եւ կենցաղի թանգարանի շենքը նախկինում գտնվում էր Բերդ քաղաքային համայնքի հաշվեկշռում: 2012-ին սկսվեց այն ՊՈԱԿ-ին անհայտույց, անժամկետ եւ տնօրինման իրավունքով հանձնելու գործընթացը:

«Ղեկավարվելով ՏԻՄ մասին օրենքներով եւ հաշվի առնելով, որ Բերդ քաղաքային համայնքի տարածքում գտնվող հուշարձանախումբը / Տավուշ, ամրոցը եկեղեցով, 10-14 –րդ դդ. ամրոց գյուղատեղի, Հին Բերդ մ.թ.ա. 1-ին հ. Գերեզմանոցը խաչքարերով /արգելոց-թանգարանի վերակազմակերպման գործընթացի, համայնքի պատմությունն արտացոլող մշակութային կյանքի ակտիվացման, զբոսաշրջության զարգացման անհրաժեշտությունը եւ հիմք ընդունելով ՊՈԱԿ-ի 2012 թ. դեկտեմբերի 20-ի գրությունը համայնքի ավագանին որոշում է` շուրջ 290 քմ մակերեսով տարածքը անհայտույց, անժամկետ եւ տնօրինման իրավունքով հանձնելու մասին»: Համայնքի պատմությունն արտացոլող թանգարանային առարկաները քաղաքապետարանն ավելի վաղ նվիրաբերել էր ՊՈԱԿ-ին:
Անդրադառնալով վերոնշյալ թանգարանին Վլադիմիր Պողոսյանը համոզմունք հայտնեց, որ մշակութային օջախն առաջիկայում կգործի լիարժեք` աշխուժացնելով մարզի մշակութային կյանքը եւ, որ թանգարանի ցուցանմուշներին հնարավորություն կունենան ծանոթանալու ինչպես տավուշեցիներն, այնպես էլ` զբոսաշրջիկները: Վլ. Պողոսյանի համոզմամբ, ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող 9-ը արգելոցների եւ արգելոց-թանգարանների շարքը շուտով կհամալրվի եւս մեկով:

Միջոցառմանը հրավիրված էին Բերդի տարածաշրջանի հոգեւոր առաջնորդ Տեր Արամ Քահանա Միրզոյանը, ով իր ուրույն ավանդն ունի մարզի ոչ միայն հոգեւոր, այլեւ` մշակութային ժառանգության պահպանման, հանրահռչակման գործում եւ սերտորեն համագործակցում է ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայության հետ, ինչպես նաեւ ծնունդով Բերդից ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի միջին դարերի պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Արտաշես Շահբազյանը: Վերջինիս ավանդը եւս անուրանալի է Տավուշի մարզի պատմամշակութային ժառանգության պահպանության ոլորտում: