ՇԱԲԱԹՕՐՅԱԿ ԳԱՌՆԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

ՇԱԲԱԹՕՐՅԱԿ ԳԱՌՆԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ, ապրիլի 19-ի վաղ առավոտից աշխուժություն էր տիրում «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները «Արորդիների Ուխտ» եւ «Արմոբիլ» ընկերության ներկայացուցիչների հետ միասին ձեռնամուխ էին եղել արգելոց-թանգարանի տարածքում շաբաթօրյակի անցկացմանը: Միջոցառման մասին նախապես հայտարարություն էր տարածվել համացանցում, եւ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հուշարձանի տարածքի մաքրման աշխատանքներին ակտիվորեն մասնակցելու կոչ էր արել մեր հայրենակիցներին, այդ թվում` Գառնու գյուղապետարանին: Ցավոք, հրավերն անարձագանք էր մնացել:

Հեռացվեցին չորացած թփերը, տարածքը ճիմապատվեց, մաքրվեց քարաբեկորներից: Բացօթյա ցուցադրության համար հնագիտական արժեք ներկայացնող բեկորները տեղադրվեցին ըստ ժամանակագրական հաջորդականության: Շուրջ երկու շաբաթ առաջ «Գառնի» արգելոց-թանգարանի տարածքում գտնվող հնագիտական բազայի հարեւանությամբ եւ արքունական բաղնիքի հետնամասում հենապատի ամրակայման և բարեկարգման աշխատանքներ իրականացվեցին: Շաբաթօրյակի մասնակիցներն էլ բարեկարգված տարածքն ավելի գեղեցիկ եւ հարմարավետ դարձնելու նպատակով, նոր նստարաններ տեղադրեցին:

«Գառնին այն հուշարձանն է, որը պետք է պահպանել, մաքրել, տեր լինել, հակառակ դեպքում կկորցնենք մեր խիղճը, պատմությունը եւ հուշարձանը», -լրագրողների հետ զրույցում ասաց ՊՈԱԿ-ի տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը կոչ անելով առավել սրտացավ եւ ուշադիր լինել մեր մշակութային ժառանգության հանդեպ: Նա նաեւ տեղեկացրեց, որ Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրը եւ դրան նախորդող օրերին մայրաքաղաքում, հանրապետության տարբեր մարզերում դպրոցականների, զինծառայողների եւ ՊՈԱԿ-ի աշխատակիցների ջանքերով հուշարձանների մաքրման, տարածքի բարեկարգման աշխատանքներ են իրականացվել:

Միջոցառման ավարտին «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի, «Արորդիների Ուխտ»-ի, Արմոբիլ» ընկերության ներկայացուցիչների միջեւ հուշարձանապահպանության ոլորտում հետագա փոխգործակցության մասին ստորագրված հուշագրի օրինակների փոխանակում կատարվեց:
«Գառնի» արգելոց-թանգարանն ինչպես միշտ մարդաշատ էր, բացառություն չէր նաեւ շաբաթօրյակի օրը: Արտերկրից ժամանած զբոսաշրջիկներն, ովքեր հիացած էին Գառնու տաճարի ճարտարապետությամբ, կոչ արեցին պահպանել մշակութային հրաշալի կոթողը: