ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ԱՐԳԵԼՈՑՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ

ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ԱՐԳԵԼՈՑՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ

2014-05-16T16:10:32+00:00 16/05/2014|Լրահոս|

Թանգարանների միջազգային օրվա առթիվ մի շարք միջոցառումներ կանցկացվեն «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոցներում եւ արգելոց-թանգարաններում: Վայոց ձորի մարզի Արենի գյուղի դպրոցի 7-8-րդ դասարանների աշակերտների համար Մայիսի 18-ին կանցկացվի բաց դաս` «Խաչքարերի արվեստը, Մոմիկը` խաչքարերի մեծ վարպետ» թեմայով բաց դաս: Դպրոցականները կայցելեն նաեւ Մոմիկի թանգարան: «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանում նույն օրը կհյուրընկալվեն Վերնաշեն և Գլաձոր գյուղերի դպրոցների աշակերտները: Նախատեսվում են «Քարարվեստի գործերը Գլաձորի համալսարանի տարածքում» թեմայով բաց դասի անցկացում, հանդիպում գյուղապետարանի աշխատակիցների հետ, այցելության կազմակերպում արգելոց-թանգարան: Իր հյուրընկալ դռները դպրոցականների առջեւ կբացի նաեւ Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը` ներկայացնելով «Անտիկ ճարտարապետության դրսևորումները Գառնիում» թեմայով բաց դաս Գառնու թիվ 2 ավագ դպրոցի աշակերտների համար: «Դիլիջան» ժողովրդական ճարտարապետության արգելոց-թանգարանում եւս դպրոցականների համար ուսուցողական միջոցառում կկազմակերպվի: «Իմ հին սիրելի քաղաքը» հայրենասիրական թեմայով դասախոսությանը ներկա կլինեն Դիլիջանի հատուկ դպրոցի և թիվ 2 հիմնական դպրոցի ներառական բաժնի աշակերտները: Կրթական, մշակութային միջոցառումներ են անցկացվելու նաեւ «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցում, որտեղ «Զորաց քարերը` որպես հնագիտական հուշարձան (բրոնզի և երկաթի պարբերաշրջաններ)» թեմայով բաց դասի անցկացումից հետո հետաքրքրական միջոցառում կլինի նաեւ երեկոյան: Թանգարանի հարակից տարածքում խարույկ կվառվի, երաժշտական մաս կլինի, միջոցառման մասնակիցները նաեւ մտքեր կփոխանակեն: «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց-թանգարանի աշխատակիցները եւս ջանացել են հետաքրքրական միջոցառման անցկացման համար: «Լոռի բերդի պատմությունը» և ««Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց-թանգարանի ստեղծման անհրաժեշտությունը» թեմաներով բաց դասերից զատ, որին կմասնակցեն Բերդ գյուղի հիմնական դպրոցի 6-9-րդ դասարանների, Ստեփանավան քաղաքի թիվ 2 և թիվ 6 դպրոցների 10-րդ դասարանների աշակերտները, երեխաները ականատես կլինեն արգելոց-թանգարանի տարածքում հայտնաբերված հուշարձանների բեկորների բացօթյա ցուցադրությանը:

Ազգային պարերով եւ ջերմ միջավայրում «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի աշխատակազմը սիրով կհյուրընկալի իր այցելուներին: Երեկոյան ժամը 18-ին կմեկնարկի «Ժողովրդական պարերի խորին խորհուրդը» կրթամշակութային ծրագիրը: Մայիսի 18-ին «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանն էլ այցելուներին կներկայանա հիմնական ցուցադրությամբ: