ՏՈՆԱԿԱՆ ՈՒ ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐ «ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ»

ՏՈՆԱԿԱՆ ՈՒ ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐ «ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ»

Հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը մայրաքաղաքում եւ մարզերում կազմակերպված տոնական գունագեղ միջոցառումները երեխաների տոնն անմոռանալի դարձնելու նպատակ էին հետապնդում: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն էլ անմասն չմնալով նախաձեռնություններից փոքրիկ այցելուների առջև վառ գույներով և բարձր տրամադրությամբ բացել էր «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի դռները: Գեղեցիկ համերգային ծրագրով հանդես եկան «Վասպուրիկ» մարիոնետների թատրոնի, «Երևան» հեռուստաընկերության «Մանուկների մոլորակ» հաղորդաշարին կից «Եկեք երգենք» մանկական վոկալ անսամբլը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական բարեգործական ընդհանուր միության Արաբկիրի Հայորդաց տան սաները:

Միջոցառումը վարեցին դերասան, դերասան-ասմունքող Ջիվան Սարգսյանը և փոքրիկ Սվետլանան:

Ի դեպ, Ջ. Սարգսյանը մայիսի 28-ին` Հանրապետության տոնի առիթիվ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգեւատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակազմը շնորհավորում է Ջ. Սարգսյանին, ում ավանդը մեծ է նաեւ պատմամշակութային ժառանգության հանրահռչակմանն ուղղված աշխատանքներում, մաղթում հաջողություններ, նորանոր ձեռքբերումներ:

Միջոցառման ընթացքում հնչեցին մի շարք մանկական երգեր, եղան տիկնիկներով /խամաճիկներով/ ելույթներ, պարեր, ասույթներ: Տոնական մթնոլորտը փոքրիկներին ու ինչո՞ւ չէ նաեւ նրանց ծնողներին տեղափոխեց մանկական երազանքների հեքիաթային աշխարհ: