ԱՆՎԱՆԻ ՀՆԱԳԵՏ Ա. ՔԱԼԱՆԹԱՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ «ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ»

ԱՆՎԱՆԻ ՀՆԱԳԵՏ Ա. ՔԱԼԱՆԹԱՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ «ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ»

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում բացվել է անվանի հայագետ, հնագետ Աշխարհբեկ Քալանթարի ծննդյան 130-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը: Ճանաչված գիտնականի ու մանկավարժի ստեղծագործական ուղու մասին խոսեց պատմաբան, հնագետ Գրիգոր Կարախանյանը` հիշեցնելով ստալինյան բռնապետության տարիներին կրած բազմաթիվ դժվարությունների և Ա. Քալանթար ազնվականի վեհ կեցվածքի մասին:

Ցուցահանդեսում ներկայացվել են 90-ից ավելի փաստաթղթեր /դրանց մի մասը ցուցադրվում է առաջին անգամ/, նամակներ, լուսանկարներ, գրություններ, որոնք ընդգրկում են հնագետի գործունեության տարբեր ժամանակները: Ներկայացվել են նաև հնագետի աշխատությունները` անգլերեն հրատարակված եռահատորյակը, 2007 թ. ՀՀ ԳԱԱ հրատարակած «Հայաստան. Քարի դարից միջնադար» ժողովածուն, Քալանթարի գիտահոդվածներով պարբերականները:

Բացման արարողությանը ներկա էր նաև հնագետի թոռը՝ ֆիզիկոս Վահագն Գուրզադյանը, ում ջանքերով էլ արտերկրում տպագրվել է ամբողջական հրատարակությունը` եռահատորյակը: Խոսելով հնագիտության ոլորտում Ա. Քալանթարի ներդած ավանդի մասին` Վ. Գուրզադյանը ցավով նշեց, որ անվանի հնագետն արտերկրում ավելի բարձր գնահատանքի է արժանացել, քան` հայրենիքում /Քալանթարի աշխատանքների մեծ մասը մինչ օրս Հայաստանում չի հրատարակվել/:

Ցուցահանդեսի աշխատանքները համակարգող Փիրուզ Սահակյանը ներկայացնելով արխիվում կատարած իր աշխատանքը, ասաց, որ 1918 թ. Անիի հնադարանից թուրքական հրոսակների կրակոցների տակ Ա. Քալանթարն իր հետ Հայաստան է բերել ու ՀՀ պատմության թանգարան հանձնել 6000-ից ավելի հնագիտական իրեր: ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հայցորդ Կարեն Բայրամյանն էլ անդրադարձավ Քալանթարների ազնվական տոհմին, ասելով, որ ճանաչված գիտնականն ուսանել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, ապա գերազանցությամբ ավարտել Սանկտ Պետերբուր•ի համալսարանը, եղել է Զորավար Անդրանիկի մարտընկերը: Ցուցահանդեսը կգործի մեկ ամիս: