ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՊՈԱԿ-ՈՒՄ

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՊՈԱԿ-ՈՒՄ

2014-10-07T17:27:07+00:00 07/10/2014|Լրահոս|

Ս. թ. հոկտեմբերի 7-ին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՊՈԱԿ-ի տնօրենի` մասնաճյուղերի գործունեության համակարգման և տնտեսական աշխատանքների գծով տեղակալ Սեյրան Առաքելյանը: Օրակարգում սուբսիդիայի պայմանագրի կետերի և ՊՈԱԿ-ի տնօրենի ս. թ. փետրվարի 12-ի և մարտի 17-ի հանձնարարականների կատարումն էր, դրանց ընթացքում ծագած հարցերի քննարկումը: Խորհրդակցությանը մասնակցում էին նաև ՊՈԱԿ-ի տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ա. Փիլիպոսյանը և տնօրենի տեղակալ-գլխավոր ֆոնդապահ Լ. Գևորգյանը:

Ղեկավարվելով ՀՀ մշակույթի նախարարության ու ՊՈԱԿ-ի միջև կնքված 2014 թ. սուբսիդիայի պայմանագրի կետերի պահանջներով, առաջարկվեց սահմանված ժամկետում ներկայացնել հուշարձանների լուսանկարներ, ինչպես նաև ՀՀ պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա` պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված այն հուշարձանների ցանկը, որոնք մինչ օրս կատարված շրջայցերի ընթացքում չեն հայտնաբերվել:

Հուշարձանների պահպանության բաժնի վարիչ Գոռ Գասպարյանը ներկայացնելով հանձնարարականների կատարողականը ասաց, որ ՊՄՊ մարզային ծառայություններից ամենաբարձր ցուցանիշն արձանագրել է Լոռու մարզային ծառայությունը /պահանջվող 832 հուշարձանի լուսանկարի փոխարեն ներկայացրել է շուրջ 1000-ը/: ՊՄՊ մարզային և Երևանի մյուս 10 ծառայությունները, ըստ Գ. Գասպարյանի, հանձնարարականները մասամբ են կատարել:

Խորհրդակցության ընթացքում որոշում կայացվեց մինչև ս.թ. նոյեմբերի 15-ը երկարաձգել հանձնարարականի կատարումը:
ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Ս. Առաքելյանը պահանջեց նշված ժամկետում ապահովել հանձնարարականի կատարումը, քանի որ մարզային ծառայությունները դրանից հետո պետք է նախապատրաստվեն տարեվերջյան հաշվետվություն ներկայացնելուն:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ եղավ նաև ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքէջում գիտական հոդվածների տեղադրմանը, արձանագրվեց, որ որոշ մարզային ծառայությունների կողմից թերի են կատարվել, եղել են նաև կրկնություններ:

Ս. Առաքելյանն արձանագրելով, որ չի կատարվել նաև ՊՈԱԿ-ի տնօրենի ս.թ. ապրիլի 8-ի հանձնարարականը` կազմել գիտական հոդվածներ և վկայագրեր ՊՄՊ մարզային ծառայություններից պահանջեց ապահովել նաև այս հանձնարարականի կատարումը:
Անդրադարձ եղավ նաև ցուցադրությունների ու շրջիկ ցուցահանդեսների անցկացմանը` ըստ սահմանված աշխատանքային ծրագրերի: Շրջիկ ցուցահանդեսները հնարավորություն են ընձեռում տարբեր մարզերում ներկայացնելու ՀՀ մեկ այլ մարզի պատմամշակութային ժառանգությունը`նպաստելով մեր հայրենակիցների հոգևոր, մշակութային գանձարանի հարստացմանը: Նշվեց նաև, որ մարզերում այդօրինակ նախաձեռնության իրականացմանը մեծապես աջակցում են ՏԻ մարմինների պատասխանատուները:

Սուբսիդիայի պայմանագրով նախատեսվում է նաև Տաուշի, Գեղարքունիքի մարզերում վիկտորինաների անցկացում, «Գառնի» պատմամշակութային և «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարաններ դպրոցականների էքսկուրսիայի կազմակերպում: ՊՄՊ մարզային ծառայությունների պետերին այս առումով ևս հստակ հանձնարարական տվեց: Նշվեց, որ առաջիկայում շարադրության մրցույթ կանցկացվի Լոռու, Վայոց ձորի մարզերի հանրակրթական դպրոցներում:

Խորհրդակցության ավարտին ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Ս. Առաքելյանը մեկ անգամ ևս շեշտեց, որ 2014 թ. աշխատանքային տարին ամփոփելու շեմին ենք, և պետք է առավել պատասխանատու լինել արձանագրված թերությունները, բացթողումները սահմանված ժամկետներում վերացնելու համար: ՊՄՊ մարզային ծառայությունների պետերին տրվեցին փոփոխությունների ենթարկված և նոր հաստատված` պահպանության գոտիների քարտեզներ, ինչպես նաև հուշարձանների պահպանության օրենսդրությունը ներառող խտասկավառակներ, որոնք, ի դեպ, պետք է տրամադրվեն համայնքների ղեկավարներին: