ՊՈԱԿ-Ի ԳԻՏԱՇԽԱՏՈՂԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԻԿՕՄ/ԻԿԱՄՏ-Ի 40-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

ՊՈԱԿ-Ի ԳԻՏԱՇԽԱՏՈՂԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԻԿՕՄ/ԻԿԱՄՏ-Ի 40-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

2014-10-10T17:03:15+00:00 10/10/2014|Լրահոս|

Օրերս Թբիլիսիում կայացել է Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) Ճարտարապետության և թանգարանային տեխնիկական միջոցների միջազգային կոմիտեի (ԻԿԱՄՏ) 40-րդ միջազգային ամենամյա գիտաժողովը, որին մասնակցում էին ներկայացուցիչներ Իտալիայից, Նորվեգիայից, Ուկրաինայից, Եգիպտոսից, Գերմանիայից, Նիդերլանդներից, Ֆրանսիայից, Ճապոնիայից, Հնդկաստանից, Չինաստանից, Շվեդիայից, Մեծ Բրիտանիայից, Մեքսիկայից: «Պատմության գագաթնակետում՝ սայթ-թանգարաններ (տարածական կամ տեսարժան վայր-թանգարաններ)» խորագիրը կրող գիտաժողովը նվիրված էր 1982 թ. ԻԿՕՄ-ի կողմից շրջանառության մեջ դրված նմանատիպ թանգարանների վերաբերյալ արդի մոտեցումներին և գործնական ոլորտի խնդիրներին, զարգացումներին:

«Սայթ-թանգարանները Հայաստանում: Խնդիրները և հեռանկարները» խորագրով զեկուցումը և հետազոտությունը հաստատվել էին գիտաժողովի կազմկոմիտեի կողմից և ընդգրկվել ծրագրում: Զեկույցով հանդես է եկել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հետազոտող Դավիթ Պողոսյանը, վեց էջերի ու 19 սլայդների միջոցով ներկայացրել ՀՀ սայթ-թանգարանների հիմնական տիպերը և որպես դասական մոդել արգելոց-թանգարանների ստեղծման գործընթացը, կառավարման համակարգը, առկա հիմնախնդիրները և ռազմավարական զարգացման մոտեցումները:

Գիտաժողովը կարևոր էր միջազգային ասպարեզում արգելոց-թանգարաններին վերաբերող հիմնական մոտեցումներին ու տերմինաբանությանը ծանոթանալու առումով, նաև արդիական` «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի` գործնական ոլորտում նոր թանգարանագիտական մոտեցումների ներդրման և զարգացման տեսանկյունից: