ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԳՈՐԻՍՈՒՄ

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԳՈՐԻՍՈՒՄ

2014-12-15T18:21:56+00:00 15/12/2014|Լրահոս|

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, «Թ. Թորամանյան-150. Ճանաչենք, պահպանենք, ժառանգենք» խորագիրը կրող միջոցառում էր կազմակերպվել Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնի նախասրահում: Ներկայացվել են պատմական Հայաստանի, Կիլիկիայի հուշարձանների լուսանկարներ, ինչպես նաև և Թ. Թորամանյանի Անիում և Հայաստանի այլ շրջաններում կատարված չափագրություններ, պատմական հուշարձաններին նվիրված ուսումնասիրություններ, լուսանկարներ: Սա ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպված տարեվերջյան վերջին մեծ միջոցառումն էր, որին մասնակցում էին ուսանողներ, դպրոցականներ, քաղաքի արվեստասեր հասարակությունը:

«Գորիսի քաղաքապետարանը բարեկամության կամուրջ ստեղծելու ձեռք է մեկնում», -ցուցահանդեսի բացման ժամանակ ասաց քաղաքապետ Վաչագան Ադունցը` խոստանալով սերտ համագործակցություն մշակութային ժառանգության պահպանության ոլորտում: Գործակցությունը կարևորեց նաև «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի` մասնաճյուղերի գործունեության համակարգման և տնտեսական աշխատանքների գծով տեղակալ Սեյրան Առաքելյանը: Վերջինս ներկայացրեց նաև ՊՈԱԿ-ի գործառույթները:

«Համոզված ենք, որ Գորիսում նմանատիպ միջոցառումներ հաճախ են կազմակերպվում, մեր նպատակն է գորիսեցիներին առավել մոտիկից ծանոթացնել հուշարձանների պահպանության խնդիրներին, վստահեցնելով, որ դրանք «Պահպանության ծառայություն » ՊՈԱԿ-ի ամենօրյա ուշադրության կենտրոնում են» -, իր խոսքում ասաց ՊՈԱԿ-ի գիտամեթոդական աշխատանքներին և ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ Էլմիրա Եսայանը:
Մարզի և մասնավորապես Սիսիանի վաղ միջնադարյան ճարտարապետությանն անդրադարձավ ճարտարապետ Յաշա Խաչյանը, խոսելով նաև նույն ժամանակաշրջանի անվանի ճարտարապետ Սինանի / եղել է Մոմիկի ուսուցիչը / մասին:

Ցուցահանդեսին զուգահեռ Արևմտյան Հայաստանի հուշարձանները ներկայացվեցին նաև սլայդ շոուի միջոցով, ներկաների համար ցուցադրվեց նաև «Մոմիկ»-ի մասին պատմող ֆիլմ, համերգային ծրագրով ելույթ ունեցան «Վահե Մելքոնյան » պարային համույթը, անհատ կատարողներ, ասմունքողներ: Միջոցառման ավարտին ՊՄՊ մարզային ծառայության պետ Աստղիկ Հակոբյանը ՊՈԱԿ-ի տնօրինության անունից շնորհակալագրերի ու դրամական խրախուսանքների արժանացրեց մասնակիցներին: Գորիսի քաղաքապետ Վ. Ադունցին հանձնվեցին Թ. Թորամանյանի «Անիի Ս. Գրիգոր Գագկաշեն» եկեղեցի պրակը, յոթ դպրոցներին փոխանցելու համար «Մոմիկ» ֆիլմ-խտասկավառակներ , ՊՈԱԿ-ի հրատակարած գրքերը:

Նշենք, որ ավելի վաղ Գորիսի 5 դպրոցների աշակերտների միջև անցկացվել էր մրցույթ-վիկտորինա «Սյունիքի մարզի պատմաճարտարապետական հուշարձանները» թեմայով: Պարգևատրվողների թվում մրցույթ-վիկտորինայում հաղթող ճանաչված 3 թիմերն էին և 5 դպրոցների մյուս սաները: