ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՊՄՊ ՄԱՐԶԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՊՄՊ ՄԱՐԶԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

2015-01-16T17:44:20+00:00 16/01/2015|Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կառուցվածքային բաժինների և մարզային ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ, այսօր կայացել է 2015 թ. առաջին աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում էր տնօրենի` մասնաճյուղերի գործունեության համակարգման և տնտեսական աշխատանքների գծով տեղակալ Սեյրան Առաքելյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին նաև ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Լիանա Գևորգյանը և գիտական քարտուղար Արմեն Աբգարյանը: Օրակարգում` ՊՈԱԿ-ի մարզային ծառայությունների 2015 թ. աշխատանքային պլանների կազմման, ներկայացման, ՀՀ պետական սեփականություն համարվող և չօգտագործվող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանական գոտիներում արձանագրված իրավախախտումների դեպքերում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների գործողությունների ընթացակարգի, հուշարձանների պահպանական գոտիներում կառուցված ինքնակամ կառույցների վերաբերյալ արձանագրության ձևի մասին հարցերն էին: Խորհրդակցության սկզբում տնօրենի տեղակալ Ս. Առաքելյանը տեղեկացրեց, որ կառուցվածքային և կադրային փոփոխություններ են եղել ՊՈԱԿ-ում: Անդրադառնալով օրակարգի մյուս հարցերին, Ս. Առաքելյանը նշեց, որ աշխատանքային պլանի իրականացման համար կարևոր է անհրաժեշտ գործիքների ապահովումը: Աշխատանքի արդյունավետության և օպերատիվության նպատակով, 2014 թ. մարզային ծառայություններն ապահովվեցին անհրաժեշտ տեխնիկական ու տրանսպորտային միջոցներով: ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալի խոսքով, սուբսիդիայի պայմանագրով ներառված միջոցառումները, որոնք նախատեսված չեն ՊՄՊ մարզային ծառայությունների աշխատանքային պլանով, կիրականացվեն փոխլրացման կարգով: ՊՄՊ մարզային ծառայությունների աշխատանքային պլաններում նաև այլ փոփոխություններ կլինեն: Մասնավորապես` ցեղասպանության 100-րդ տարելիցին և Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված բազմաթիվ միջոցառումներ կիրականացվեն:
ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալը համապատասխան հանձնարարականներ տվեց ՊՄՊ մարզային ծառայությունների պետերին, միաժամանակ պահանջելով դրանք կյանքի կոչել սահմանված ժամկետներում:

Հուշարձանի նկատմամբ արձանագրվող իրավախախտումների դեպքերը վերջին շրջանում հաճախակիացել են, ինչը լուրջ մտահոգության առիթ է տալիս:

Իրավախախտման փաստով ներկայում քննության ընթացքում գտնվող մի քանի քրեական գործեր կան /Արագածոտն, Կոտայք, Սյունիք/: Խորհրդակցության ավարտին ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական Ն. Հակոբյանը գործնական պարապմունք անցկացրեց ՊՄՊ մարզային ծառայությունների պետերի հետ` ներկայացնելով ՀՀ պետական սեփականություն համարվող և չօգտագործվող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանական գոտիներում արձանագրված իրավախախտումների դեպքերում ՊՈԱԿ-ի աշխատակիցների գործողությունների ընթացակարգը, հուշարձանների պահպանական գոտիներում կառուցված ինքնակամ կառույցների վերաբերյալ մշակված արձանագրության ձևը: Նրա խոսքով, իրավախախտման դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հենց այս ընթացակարգով և արձանագրության ձևով:
ՊՈԱԿ-ի տնօրենի 13.01.2015 թ. հրամանով հաստատված վերոնշյալ ընթացակարգը և արձանագրության ձևը տրամադրվեց ՊՄՊ մարզային ծառայություններին պետերին: