ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՊՄՊ ՄԱՐԶԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆԸ

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՊՄՊ ՄԱՐԶԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆԸ

2015-02-11T15:30:44+00:00 11/02/2015|Լրահոս|

Փետրվարի 10-ին ի Արագածոտնի մարզպետարանում կայացել է մարզխորհրդի 2015 թ. առաջին նիստը, որին մասնակցել են Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, համայնքների ղեկավարներ: Նիստին մասնակցել է նաև ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության պետ Մանուկ Մանուկյանը:

2013 թ. ՊՈԱԿ-ի տնօրինությունը գրավոր դիմել էր ՀՀ մարզպետներին, իսկ ՊՄՊ մարզային ծառայությունների պետերը` համայնքների ղեկավարներին, խնդրելով ապահովել տեղի ունեցող նիստերին մարզային ծառայությունների պատասխանատուների մասնակցությունը` հատկապես, անշարժ հուշարձանների եւ դրանց տարածքների պահպանությանն առնչվող հարցերի քննարկման ժամանակ: Համագործակցության սերտացումը ՏԻՄ մարմինների հետ կնպաստի հուշարձանների պահպանության ոլորտում առկա խնդիրների լուծմանը:

Թեպետ մարզխորհրդի նիստի օրակարգում հուշարձանների խնդիրներին առնչվող հարց չի եղել ընդգրկված, սակայն, մարզային ծառայության պետն օգտվելով ընձեռնված հնարավորությունից ներկայացրել է Արագածոտնի մարզի հուշարձանների պահպանության ոլորտը: Մանուկ Մանուկյանն անդրադարձել է հուշարձանների պահապանների աշխատանքում առավել հաճախ հանդիպող խնդիրներին, իրավախախտումներին: Նա ևս մեկ անգամ հիշեցրել է, որ հուշարձանների պահպանական գոտիներում պատմամշակութային նշանակության հողերի օտարման, վարձակալման, օգտագործման, այդ հողատարածքներում շինարարական, գյուղատնտեսական և այլ բնույթի աշխատանքներ իրականացնելիս պետք է նախապես տեղեկացնել լիազոր մարմնին, ստանալ նրա համաձայնությունն ու թուլտվությունը: Արագածոտնի ՊՄՊ մարզային ծառայության պետը շեշտել է, որ այդօրինակ աշխատանքները պետք է դադարեցնել, եթե մշակութային արժեքը կամ նորահայտ հուշարձանը գտնվել է պատմամշակութային կարգավիճակ չունեցող հողատարածքներում:

Ի դեպ, Արագածոտնի մարզի քաղաքատեղի «Լազարավան» մ.թ.ա. 2-րդ հազ. 5-17-րդ դդ. /պետ.ցուցիչ` 2.68.2/ հուշարձանի տարածքում դեռևս 2012 թ. իրականացված ապօրինի հողաշինարարական աշխատանքներ են իրականացվել, Բյուրական համայնքի Արտավազդիկ եկեղեցու /պետ.ցուցիչ` 2.28.17/ պահպանական գոտու տարածքում էլ բնակիչները, առանց լիազոր մարմնի թույլտվության, տաղավար են տեղադրել: Օրինախախտումների փաստերով ՊՄՊ մարզային ծառայությունը դիմել է իրավապահներին: