Արագածոտնի ՊՄՊ մարզային ծառայության նախաձեռնությամբ Ուջան գյուղի Զորավար Անդրանիկի անվան միջնակարգ դպրոցում «Արագածոտնի պատմամշակութային հուշարձանների պահպանումն ու ճանաչումը» խորագիրը կրող «Արագածոտնի մարզի ամրաշեները» թեմայով բաց դաս է անցկացվել բարձր դասարանների աշակերտների համար: Ուշադրության կենտրոնում են եղել մարզի հայտնի հուշարձանները՝ բերդերն ու ամրոցները: Առանձնահատուկ ներկայացվել է Ամբերդը, անդրադարձ է եղել այդ ժամանակաշրջանի ռազմարվեստի պատմությանը:
Բաց դասն ուղեկցվել է Արագածոտնի ՊՄՊ մարզային ծառայության կողմից պատրաստված հուշարձանների լուսանկարների ցուցադրությամբ: Ներկայացվել են մարզի ոչ միայն բերդերն ու ամրոցները, այլև եկեղեցիները, խաչքարերն ու վիշապաքարերը: Աշակերտները մեծ հետաքրքրությամբ են հետևել մոտ մեկ ժամ տևած ճանաչողական դասին: Մարզի հուշարձանները ներկայացրել են ՊՄՊ մարզային ծառայության պետը, գիտաշխատողը, հանրակրթական դպրոցի պատմության ուսուցչուհին:
Արագածոտնի ՊՄՊ մարզային ծառայության պետ Մանուկ Մանուկյանը միջոցառման ավարտին դպրոցին նվիրել է Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի հրատարակած Թորոս Թորամանյանի «Անի. Պահլավունյաց եկեղեցիներ» պրակը: