ՌԴ Դ. Ս. ԼԻԽԱՉՈՎԻ ԱՆՎԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԵՆ «ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ

ՌԴ Դ. Ս. ԼԻԽԱՉՈՎԻ ԱՆՎԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԵՆ «ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ

2015-03-09T17:03:14+00:00 09/03/2015|Լրահոս|

Ս/թ մարտի 5-6-ը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը Մոսկվայում մասնակցել է ՌԴ Դմիտրի Լիխաչովի անվան մշակութային և բնական ժառանգության ռուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի /Ժառանգության ինստիտուտ/ հետ համատեղ հրավիրված խորհրդակցությանը: Ժառանգության ինստիտուտի գործունեությունը մշակութային և բնական ժառանգության խնդիրների ոլորտում է` միտված ՅՈւՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պաշտպանման կոնվենցիա»-յի իրագործմանը:

Գործակցության պայմանագիրը երկու գերատեսչությունների միջև կնքվել է 2011 թ. դեկտեմբերին: Նախատեսվում է անցկացնել համատեղ գիտական, գիտահետազոտական, գիտագործնական աշխատանքների, կրթական և դասընթացային ծրագրերի իրականացում, մասնագիտական փորձի փոխանակում, համատեղ նախագծերի իրագործման նպատակով խորհրդակցությունների անցկացում, մասնակցություն միջազգային գիտաժողովներին:

2014 թ. մայիսի 30-ին, Մինսկում կայացած ԱՊՀ երկրների վարչապետների համաժողովում, «Դ. Ս. Լիխաչովի անվան մշակութային և բնական ժառանգության ռուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտին» շնորհվել է համաշխարհային ժառանգության պահպանության բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների բազային (հենքային) կազմակերպության կարգավիճակ:

Մարտի 5-6-ը անցկացված խորհրդակցությանը, որին մասնակցել են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլ. Պողոսյանը, Ժառանգության ինստիտուտի տնօրեն Ա. Միրոնովը, տնօրենի 1-ին տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր` Ա. Օկոռոկովը, գիտական գծով տնօրենի տեղակալ, մշակութաբանության թեկնածու` Ս. Ժիտինյովը և համաշխարհային և ազգային ժառանգության օբյեկտների մոնիթորինգի կենտրոնի ղեկավար` Յ. Գուսևը, կողմերը քննարկել ու վերահաստատել են ՊՈԱԿ-ի և ՌԴ Դ.Ս. Լիխաչովի անվան մշակութային և բնական ժառանգության ռուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի միջև կնքված համագործակցության պայմանագիրն անորոշ ժամկետով: Քննարկվել են նաև համաշխարհային ժառանգության պահպանության բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների բազային կազմակերպության շրջանակներում միջազգային փորձագիտական խորհրդի ձևավորման անհրաժեշտության հարցը, բազային կազմակերպության ակտիվ գործունեության և կանոնադրական կետերի կիրառման շրջանակում ժառանգության պահպանման բնագավառները համակարգող կոմիտեների ստեղծման խնդիրը, ինչպես նաև` մինչև 2018 թ. մայիսի 30-ը համաշխարհային ժառանգության պահպանության բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների բազային կազմակերպության ամբողջական ծրագրի կազմման և ՌԴ կառավարության հաստատմանը ներկայացվելիք ծրագրի դրույթները: Կողմերը քննարկել են նաև ԱՊՀ մասնակից պետություններում ամենամյա միջազգային համաժողովների անցկացման և տեղում առկա խնդիրներին ծանոթանալու կարևորությունը, ՅՈւՆԵՍԿՕ-ի «Մշակութային և բնական ժառանգության պահպանության» կոնվենցիայի իրագործման, պատմամշակութային ժառանգության օգտագործման և հանրահռչակման խնդիրները, արգելոց-թանգարանների ցանցի հետագա զարգացման և այդ հաստատությունների կառավարման կատարելագործման հիմնադրույթները, այլ հարցեր: