ԼՃԱՇԵՆԻ Ս. ՀՌԻՓՍԻՄԵ ԵԿԵՂԵՑԻ /ՊԵՏ. ՑՈՒՑԱԿ 4.40.7/

ԼՃԱՇԵՆԻ Ս. ՀՌԻՓՍԻՄԵ ԵԿԵՂԵՑԻ /ՊԵՏ. ՑՈՒՑԱԿ 4.40.7/

Ս. Հռիփսիմե եկեղեցին (VII դ.) գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի կենտրոնում: Հյուսիսային, հարավային և արևելյան կողմերից այն շրջապատված է բնակելի տներով: Չնայած այն հանգամանքին, XVI-XVII դդ. ընթացքում եկեղեցում իրականացվել են վերականգնողական բնույթի աշխատանքներ, այնուամենայնիվ ճարտարապետական մտքի տեսանկյունից այն շարունակում է հետաքրքրություն ներկայացնել: Լճաշենի եկեղեցին իր արտաքին ճարտարապետական նկարագրով պատկանում է «հռիփսիմեատիպ» եկեղեցիների շարքին, որն արտաքինից ուղղանկյուն է, շարվածքը` սրբատաշ, և կառուցված է տեղական կոպտատաշ բազալտե քարերով: Հետագայում պատերի մեջ որպես շինանյութ օգտագործել են ամբողջական տապանաքարեր և խաչքարերի բեկորներ: Այն եռախորան է, կենտրոնագմբեթ և ունի չորս ավանդատուն: Արևմտյան խաչաթևը երկարացված է: Գլխավոր մուտքը բացված է արևմտյան ճակատից, իսկ մյուսը՝ հարավային: Գմբեթը և ծածկը ցավոք քանդված են: Եկեղեցին վերջին անգամ մասնակի վերանորոգման է ենթարկվել 1982 թ.` գյուղի երիտասարդության ուժերով:

Եկեղեցու շրջակայքում տարածվում է միջնադարյան գերեզմանոցը՝ բազալտակերտ հուշարձաններով: Տապանաքարերը հարթ են և սեղանաձև: Մեծաթիվ են XIX-XX դդ. անմշակ կամ կոպտատաշ սալատապանները: Հնում այն ունեցել է շրջապարիսպ, որը տեղ- տեղ պահպանվել է նաև մեր օրերում: Գերեզմանոցի տարածքում հանդիպում ենք խաչքարերի` իրենց բնույթով եզակի նմուշների, իսկ որոշ խաչքարեր էլ հետագայում օգտագործվել են որպես տապանաքարեր: Տապանաքարերի բազմազանությունը ժամանակագրական առումով պատկանում են XV-XVII դդ.: Դրանք, հիմնականում շարված են կողք-կողքի, զարդաքանդակներից բացի ներառում են նաև կենցաղի, խնջույքի և որսի տեսարաններ:

Օգտագործված գրականություն
1. Մարտիրոսյան Գրիգոր, Սևան: Հայրենագիտական Ակնարկներ, Երևան, 1998: