ՏՈՒՏԻԿ ԻՇԽԱՆԻ ՀՈՒՇԱԿՈԹՈՂԸ (ՊԵՏ. ՑՈՒՑԱԿ N 5.56.1.6, Գ. ԿՈՂԵՍ)

ՏՈՒՏԻԿ ԻՇԽԱՆԻ ՀՈՒՇԱԿՈԹՈՂԸ (ՊԵՏ. ՑՈՒՑԱԿ N 5.56.1.6, Գ. ԿՈՂԵՍ)

2015-09-28T14:44:09+00:00 09/04/2015|Լոռի, Լրահոս|

Լոռու մարզի Կողես գյուղը գտնվում է մարզկենտրոն Վանաձորից 47 կմ, իսկ Ստեփանավանից 12 կմ հեռավորության վրա: Կողես գյուղում և նրա շրջակայքում պահպանվել են բազմաթիվ հին բնակավայրերի և մատուռների հետքեր, գերեզմանոցներ, խաչքարեր ու հնագույն տապանաքարեր:

Կողեսը, ինչպես և Մեծավանը, Լեջանը, Ուռուտն ու Յաղդանը լքված հին բնակատեղիներ են, որոնք վերստին վերաբնակեցվել են 1800-1850 թվականներին` Արևմտյան Հայաստանից, Արցախից և պատմական Հայաստանի այլ վայրերից գաղթած բնակչությամբ: Այդ պատճառով էլ վերաբնակիչները տեղեկություններ չունեն տեղի հնագույն ու արժեքավոր հուշարձանների մասին:

Կողեսի պահպանված հուշարձաններից ամենանշանավորը Տուտիկ իշխանի խաչքար-հուշակոթողն է (1241 թ.): Այն կանգնեցված է գյուղի կենտրոնական մասում գտնվող գերեզմանատան տարածքում: Կոթողը նվիրված է Սուրբ Երրորդությանը և Տուտիկ իշխանի հարազատների հիշատակին:

Կոթողի վրա պահպանվել է հետևյալ գրությունը.

ԿԱՄԱՎ ԲԱՐԵՐԱՐԻՆ ԱՍՏԾՈՅ, ԵՍ ՏՈՒՏԻԿՍ ԵՒ ՄԱՅՐՆ ԻՄ ԹԱՄԱՐ ԵՒ ԱՄՈՒՍԻՆ ԻՄ ԴՈԻԴԿԱՅ ԿԱՆԳՆԵՑԱՔ ԶԵՐՐՈՐԴՈՒԹՅԻՒՆՆ ՎԱՍՆ ՍԱՍՆԱՅԻՆ Ի ՔԱՄՒԹԱՐԱՅ ԵՒ ՆՈՐԱԴԻՆԻՆ, ՈՐՔ ԱՆՀԵՏ ԿՈՐԵԱՆ Ի ՁԵՌՆ ԱՆԻՐԱՎԱՑ ԵՒ ՍՈՒԳ ՄԵԾ ԵՒ ԱՆՄԽԻԹԱՐ ԹՈՂԻՆ ԶՄԵԶ: ՈՐՔ ԵՐԿՐՊԱԳԵՔ ՅԻՇԵՑԵՔ Ի ՔՐԻՍՏՈՍ ԵՒ ԾՆՈՂՍ ՄԵՐ ԱՄԷՆ: ԹՈՒԻՆ ՈՂ:

Խաչքար-հուշակոթողներն ըստ նշանակության` դասակարգված են մի քանի խմբերի՝ Ամենափրկիչ, Սուրբ Նշան, Սուրբ Երրորդություն, Տերունական խաչ, Բացման խաչ, Ցասման խաչ, Ծաղկախաչ եւ այլ: