ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ և ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ ԱԿՏԻՎ Է ԵՂԵԼ ՆԱև ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ և ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ ԱԿՏԻՎ Է ԵՂԵԼ ՆԱև ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ

2015-04-21T12:30:26+00:00 20/04/2015|Լրահոս|

Հուշարձանների ու տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ, մի շարք միջոցառումներ են անցկացվել նաև Վայոց Ձորի 48 հուշարձանների տարածքներում: Նախապես, մարզպետարանի կրթության վարչության հետ անցկացվել է մարզի դպրոցների տնօրենների համատեղ խորհրդակցություն, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարության հետ էլ` հստակեցվել մասնակիցների թիվը: Հուշարձանների մաքրման աշխատանքներին մասնակցել է մարզի 35 դպրոցի 860 աշակերտ: Նրանց համար նաև բաց դաս-զրույցներ են անցկացվել՝ նվիրված Մեծ հայրենականի հաղթանակի 70-ամյակին:

Եղեգնաձորի քաղաքապետի նախաձեռնությամբ, զինծառայողների և քաղաքապետարանի աշխատողների ուժերով ծառատունկ է կատարվել Արցախում զոհված ազատամարտիկների շիրիմներն ամփոփող բլրին, իսկ գագաթին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին տեղադրված խաչքարի տարածքում` մաքրման ու բերակարգման աշխատանքներ: Հուշարձանների մաքրման աշխատանքները ակտիվ են անցել հատկապես Եղեգնաձորի, Վայքի Արենիի, Արտաբույնքի, Խաչիկի, Հերմոնի, Արտավանի, Եղեգիսի Աղավնաձորի, Սերսի, Բարձրունու, Աղնջաձորի, համայնքներում: Վայոց Ձորի պետական քոլեջում, տնօրինության հետ համատեղ անցկացվել է «Ողբամ մեռելոց, կոչեմ ապրողաց» հուշ-ցերեկույթ՝ նվիրված ցեղասպանության զոհերի հիշատակին, որին մասնակցել են քոլեջի ուսանողները, դասախոսական կազմը, մարզային գրադարանի, ՊՄՊ մարզային ծառայության, «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի աշխատակիցները: Միջոցառումն ուղեկցվել է Առնո Բաբաջանյանի, Կոմիտասի, Շոստակովիչի, ստեղծագործությունների կատարումներով և տեսանյութերով: Ավարտին բոլոր մասնակիցները երթով հասել են Եղեգնաձորի Ս. Սարգիս եկեցեցի՝ ծաղիկներ խոնարհել և մոմ վառել զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ: