ՀՀ Արագածոտնի մարզ գ. Օշական
պետ. ցուցիչ 2.113.22.
Հայաստանի ճանաչված եկեղեցիներից է: Հուշարձանը գտնվում է Օշական գյուղում, կառուցվել է 1873-1879 թթ. Գևորգ Դ Կոնստանդնուպոլսեցի կաթողիկոսի կողմից, հայ ժողովրդի մեծագույն երախտավոր Մեսրոպ Մաշտոցի դամբարանի վրա:
Դամբարան. Գտնվում է եկեղեցու ավագ խորանի տակ: Կառուցվել է 440 թ. Վահան Ամատունու կողմից: Ուղղանկյուն թաղածածկ խուց է արևելյան կողմից խորշով, արևմտյանից` բացվածքով, հարավային և հյուսիսային կողմերից մուտքերով, վերջինս փակված է, իսկ հարավայինը բացվում է դեպի ավանդատուն:
Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի. Դամբարանի հիմնումից հետո Վահան Ամատունին որոշում է 443 թ. դամբարանի վրա կառուցել նաև բազմախորան, բազիլիկատիպ եկեղեցի, որը, ցավոք, երկար կանգուն չի մնում: 12 դար հետո Փիլիպոս Ա. Աղբակացի կաթողիկոսի կողմից եկեղեցին ենթարկվում է վերակառուցման, որը 200 տարի անց ևս փլուզվում է:
1873-1879 թթ. ի բարեբախտություն Գևորգ Դ Կոնստանդնուպոլսեցի կաթողիկոսի նախաձեռնության` եկեղեցին հիմնովին վերակառուցվում է` ստանալով ներկայիս տեսքը:
Նոր եկեղեցին միանավ, թաղածածկ` երեք թաղակիր կամարներով հագեցված, դահլիճատիպ, գլխավոր աբսիդի երկու կողմերում ավանդատներով կառույց է: Մուտքերը երեքն են` հարավային, հյուսիսային և արևմտյան կողմերից: Արտաքին ճակատները զարդարված են դեկորատիվ կամարաշարով:
Գեղարվեստական արտահայտչամիջոցներից առանձնանում են եկեղեցու ներսում 1964-1966 թթ.` նկարիչներ Հ. Մինասյանի և Հ. Մամյանի կողմից արված` «Փառք հայ գրի և դպրության» եռապատկեր հորինվածքով որմնանկարները, որոնք իրավամբ հանդիսանում են XX դարի հայ մոնումենտալ արվեստի լավագույն ստեղծագործություններից:
Զանգակատուն. Կառուցվել է 1884 թ., երկհարկ, ութ սյուներով պսակված գմբեթով կառույց է: Զանգակատունը իր ճարտարապետական լուծումներով բացառիկ է հայկական եկեղեցաշինության մեջ` վեր է խոյանում եկեղեցու արևելյան կողմին կցված:
1880 թ. Վահան Ամատունու գերեզմանի վրա կանգնեցվել է կոթող, իսկ 1913 թ. եկեղեցու հարավային կողմում կառուցվել է դպրոցի շենք:
2014 թ. ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը` Ֆ. Բաբայանի ղեկավարությամբ, իրականացրեց փոքրածավալ պեղման աշխատանքներ եկեղեցու հյուսիսարևելյան մասում, որի արդյունքում բացվեցին նախկին եկեղեցու հիմնապատերից որոշ հատված, ինչն էլ ի ցույց է տրվում այսօր հատուկ ցուցադրափեղկով:
Օգտագործված գրականության ցանկ
1. Վարազդատ Հարությունյան, Եկայք Շինեսցուք, Մայր Աթոռ ս. Էջմիածին, 1988:
2. Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Եր., 2002: