ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ԾԱՂԻԿՆԵՐ ԵՆ ԽՈՆԱՐՀԵԼ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՆ

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ԾԱՂԻԿՆԵՐ ԵՆ ԽՈՆԱՐՀԵԼ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՆ

2015-05-12T17:22:10+00:00 May 12th, 2015|Լրահոս|

Գեղարքունիքի ՊՄՊ մարզային ծառայության նախաձեռնությամբ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված բազմաթիվ միջոցառումներ են անցկացվել Գեղարքունիքի մարզում: Մարզի բոլոր համայնքների դպրոցներում անցկացվել են հաղթանակին նվիրված բաց դասեր: Սևանի Խաչատուր Աբովյանի անվան ավագ դպրոցում «Հիշատակի ժառանգություն» թեմայով բաց դասը վերաբերել է մեծ Հայրենականին սևանցիների մասնակցությանը: Գեղարքունիքի ՊՄՊ մարզային ծառայության պետի տեղակալ Ա. Մովսիսյանը և պատմության ուսուցչուհին քննարկել են նաև պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանների մաքրման և պահպանության հարցեր: Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցի դասն ամփոփվել է Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշարձանի մաքրման աշխատանքներով:

Գավառի դպրոցի բարձր դասարանի աշակերտների համար անցկացված բաց դասը նվիրված է եղել Հայրենական մեծ պատերազմում հայ ժողովրդի դերակատարմանը: Նպատակը` պատերազմին մասնակից նշանավոր հայերին և նրանց հաղթանակներով լի հերոսական ուղին ներկայացնելն է: Դպրոցականները մեծ ուշադրությամբ են լսել կարմիր բանակի շարքերում իրենց անձնազոհ սխրանքներով աչքի ընկած հերոսների՝ Հովհաննես Բաղրամյանի, Քրիստափոր Ավետիսյանի,Նելսոն Ստեփանյանի, Հունան Ավետիսյանի, Ջահան Կարախանյանի, Սերգեյ Խամփերցյանի, Հովհաննես Բաբաջանյանի և մյուսների մասին մարտական պատմությունը:

Գեղարքունիքի մարզի տարբեր դպրոցներում անցկացված բաց դասերն ամփոփվել են Մեծ հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանների առաջ ծաղիկներ խոնրահելով: