ՊՈԱԿ-Ի ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՄԱՅԻՍԻ 16-ԻՆ ԵՎ 18-ԻՆ ԲԱԶՄԱԲՆՈՒՅԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԿԱՆՑԿԱՑՆԵՆ

ՊՈԱԿ-Ի ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՄԱՅԻՍԻ 16-ԻՆ ԵՎ 18-ԻՆ ԲԱԶՄԱԲՆՈՒՅԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԿԱՆՑԿԱՑՆԵՆ

2015-05-15T12:44:21+00:00 15/05/2015|Լրահոս|

Մայիսի 16-ին՝ «Թանգարանային գիշեր» ծրագրի և Թանգարանների միջազգային օրվա շրջանականերում, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող թանգարանները և արգելոց-թանգարանները կաշխատեն ամբողջ օրը: Ս.թ. մայիսի 16-ին մինչև ժամը 18:00-ն աշխատելու են վճարովի, իսկ 18:00-ից մինչև 24:00-ն՝ անվճար սկզբունքով: Արգելոց-թանգարաններն ու արգելոցներն կներկայանան հետաքրքիր միջոցառումներով, ցուցադրություններով: Մասնավորապես`

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում մայիսի 16-ին, ժամը 20:00-ին կանցկացվի «Ազգային երաժշտության հնչյունները՝ Գառնի տաճարի գիշերային լուսավորության ներքո» խորագրով միջոցառում՝ դուդուկահարների մասնակցությամբ: Մայիսի 18-ին, ժամը 12:00-ին, Գառնիի թիվ 2 ավագ դպրոցի աշակերտների մասնակցությամբ կանցկացվի «Թանգարաններ. հիշողության վկաներ» խորագրով բաց դաս: Նույն օրը, ժամը 17:00-ին կանցկացվի «Ժողովրդական պարերի խորին խորհուրդը» խորագրով միջոցառում:

«Զվարթնոց » պատմամշակութային արգելոց-թանգարանում մայիսի 16-ին, ժամը 15:00-ին նախանշված է «Մի լուսանկարի պատմություն» խորագրով դասախոսություն: Հայոց ցեղասպանությանն առնչվող լուսանկարը պատմում է երկու հայ հոգևորակաների՝ մատենագիր, գիտնական Սմբատ Եպիսկոպոս Սատեթյանի և Կորյուն Վարդապետ Սրապյանի եղերական մահվան մասին: Մայիսի 18-ին, ժամը 15:00-ին կընթերցվեն նախապես դպրոցականներին հանձնարարված «Միշտ հին ու նոր իմ Հայաստան» խորագրով հաջողված շարադրությունները: Մտքի հստակ և գեղեցիկ շարադրանքով աչքի ընկնող շարադրությունները կարժանանան խրախուսանքի:

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում մայիսի 16-ին, ժամը 18:00-ին կանցկացվի «Թանգարաններ. հիշողության վկաներ» խորագրով Արևմտյան Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը վերաբերող միջոցառում: Նախատեսվում է ֆիլմի, լուսանկարների ցուցադրություն, հանդիպում-զրույց հեղինակների հետ: Իսկ մայիսի 18-ին, ժամը 13:00-ին` թանգարանի հատուկ զետեղարանի նյութերի /համացանցի/ միջոցով կկազմակերպվի ցուցադրություն՝ Վարշավայի համալսարանի հնագիտության ինստիտուտում:

«Արփի» բնապատմական արգելոցը ևս իր հյուրընկալ դռները կբացի այցելուների առաջ: Մայիսի 18-ին , ժամը 13:00-ին Արենիի հիմնական դպրոցի աշակերտների մասնակցությամբ կանցկացվի «Թանգարաններ. հիշողության վկաներ» խորագրով բաց դաս՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

«Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանում մայիսի 16-ին, ժամը 18:00-ին կանցկացվեն «Մեր մշակույթի վկաները», իսկ մայիսի 18:00-ին, ժամը 14:00-ին՝ «Հիշենք մեր մշակույթի կորուսյալ արժեքները» խորագրերը կրող ցերեկույթներ:

««Լոռի Բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում մայիսի 18-ին, ժամը 14:00-ին Ստեփանավանի Վահան Թեքեյանի անվան թիվ 6 միջնակարգ դպրոցի աշակերտների մասնակցությամբ կանցկացվի բաց դաս՝ «Լոռին Օրբելյանների և Զաքարյանների օրոք» թեմայով: Լոռի Բերդ համայնքի հիմնական դպրոցում էլ`«Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» թեմայով բաց դասը կանցկացվի ժամը 15:00-ին:

«Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոցում մայիսի 18-ին, ժամը 13:30-ին Գոշ, Հաղարծին, Աղավնավանք համայնքների հիմնական դպրոցների աշակերտների մասնակցությամբ, բաց դաս կանցկացվի «Գոշավանքը որպես միջնադարյան Հայաստանի հոգևոր, մշակութային խոշոր կենտրոն» թեմայով: «Աղստևի հովիտի պատմական հուշարձանները» թեմայով բաց դասն էլ նախատեսվում է անցկացնել նույն օրը ժամը 14:30-ին՝ Իջևանի թիվ 1 և Դիլիջանի գիշերօթիկ դպրոցների աշակերտների համար:

«Դիլիջան» ժողովրդական ճարտարապետության արգելոց-թանգարանում, մայիսի 16-ին ժամը 18:00-ին կբացվի Հովհաննես Շարամբերանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը և կգործի մինչև ս.թ. մայիսի 18-ը, ժամը 18:00-ն: «Թանգարաններ. հիշողության վկաներ» խորագրով, Դիլիջանի գեղանկարիչների, 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի գեղարվեստական գործվածքների ցուցահանդեսն էլ կբացվի մայիսի 16-ին, ժամը 19:00-ին և կգործի մինչև ս.թ. մայիսի 18-ը, ժամը 18:00-ն:

««Զորաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոցի աշխատակիցները Սիսիանի գեղարվեստի դպրոցում մայիսի 16-ին, ժամը 13:00-ին կանցկացնեն «Ցեղասպանությունը հայ գեղանկարիչների ստեղծագործություններում» խորագրով բաց դաս: Նույն օրը ժամը 16:00-ին «Թանգարանային գիշեր» միջոցառումների շրջանակներում կկատարվի Սիսիանի գեղարվեստի դպրոցի աշակերտների՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված աշխատանքների ընտրություն: Այդ ստեղծագործությունները կներկայացվեն մայիսի 18-ին նախատեսված ցուցադրությանը: